Բաժիններ՝

Քաղաքաշինության պետական կոմիտեն կանձնագրավորի բազմաբնակարան շենքերը

Երեւանում գրանցված 4800 բազմաբնակարան շինություններից 300-ը ունի 3-ից 4-րդ կարգի վնասվածության աստիճան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը, հավելելով, որ խնդիրը դրված է կառավարության առջեւ: «Ցանկացած շինություն տարին մեկ անգամ պետք է հետազոտվի եւ վերակազմավորվի անձնագիր, որի հնարավորությունն այժմ չկա, սակայն քաղաքաշինության պետական կոմիտեն այս տարվանից կանձնագրավորի բազմաբնակարան շենքերը»,-նշեց նա:

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանի խոսքով` այն շենքերը, որոնք պատմական են եւ կառուցված են դեռեւս 70-ական թվականներին, պետք է վերակառուցվեն եւ համապատասխանեցվեն այսօրվա չափանիշներին, սեյսմակայունությանը: «Հզոր երկրաշարժի ժամանակ անկանխատեսելի հետեւանքներ կարող են լինել Երեւանում»,-հավելեց բանախոսը:

ՀՀ-ում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարության նպատակը Հայաստանի տարածքում առկա սեյսմիկ ռիսկի նվազեցումն ու բնակչության անվտանգության ապահովումն է: Ծրագրերն իրականացվելու են մի քանի փուլով. առաջին՝ նախապատրաստական փուլը ներառում է 2018-2020 թվականները: Այդ ընթացքում պետք է գույքագրվեն շենքերն ու շինությունները։ Երկրորդ փուլն ընդգրկում է 2020-2022 ժամանակահատվածը, որի ընթացքում նախատեսվում է մշակել շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերը։ Իսկ երրորդ փուլի սկիզբը նախատեսվում է 2023 թվականից: Շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման փորձնական ծրագրեր կիրականացվեն նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ: Որպես Ծրագրերի համալիր իրականացման ժամկետ դիտարկվում է 2025-2030 թթ. ժամանակահատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս