![](/banners/BeFunky-design.jpg)
«Եթե որևէ մեկին հիասթափության առիթ եմ տվել, ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել». Նիկոլ Փաշինյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/Nikol-2.jpg)
«Ես պատրաստված եկել էի, մտածում էի՝ կվիճարկեն, կասեն՝ էդ ի՞նչ թիվ եք ասում, ի՞նչ 21.9 տոկոս գնաճ, բայց ոչ ոք չվիճարկեց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ թանկացումների թեման փակվա՞ծ է ձեզ համար, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Թանկացումների թեման ինչպե՞ս կարող է փակվել: Եթե դա հնարավոր լիներ փակել քաղաքացիների համար, մեզ համար էլ փակված կլիներ, բայց քանի որ քաղաքացիների համար բաց է, մեզ համար էլ չի կարող փակված լինել: Առաջիկայի հետ կապված շատ հարցեր կան, որ պետք է որոշենք, մենք կքննարկենք, կորոշենք»:
Դիտարկմանը, թե հիմա եթե գնահատականներ հնչեն, որ դուք էլ քաղաքացիներին զբոսանքի հանեցիք, արդարացի չե՞ն լինի՝ Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ցանկացած քաղաքացի ազատ է հնչեցնել ցանկացած գնահատական: Կոնկրետ այդ գնահատականների հետ կապված՝ ես ասել եմ, որ մենք ունենք շատ հստակ ձևակերպված նպատակ և հանգրվաններ: Վերջին երկու գումարման Ազգային ժողովի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրել, և այդ նիստը կայացել է: Դա զբոսանքի և ոչ զբոսանքի ամպլիտուդն է»:
Հարցին՝ այն մի քանի հարյուր քաղաքացին, որոնք մասնակցեցին ձեր երթերին, արդյոք ձեզնից հիասթափվելու պատճառներ չունե՞ն, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ մարդիկ բոլորից հիասթափվելու լեգիտիմ իրավունք ունեն, եթե դրա համար ունեն առիթներ: Լրագրողի ճշտող հարցին՝ ըստ Ձեզ՝ ձեզնից ունե՞ն հիասթափվելու առիթ, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ չունեն. «Ճաշակի հարց է: Իսկ ընդհանրապես չեմ բացառում, որ մենք քաղաքական գործունեության ընթացքում սխալներ արել ենք, չեմ բացառում, որ անում ենք, չեմ կարող բացառել, որ կանենք, որովհետև մարդը սխալական է: Եթե որևէ մեկին հիասթափության առիթ եմ տվել, ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել ու ասել, որ ամեն ինչ կանեմ, որ առաջիկայում ուղղվեմ, ինչքան հնարավոր է, արագ»: