Ստեփանակերտում Արթուր Մկրտչյանի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել

Այսօր Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԱՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 59 տարեկան:

Օրվա առթիվ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ պատգամավորները, պետական պաշտոնյաները, Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արցախի կոմիտեի պատասխանատուները, Արցախյան շարժման մասնակիցները, նրա ընտանիքի անդամներն ու հարազատներն այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին:


Այնուհետև, Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության (ՀՅԴ) նախաձեռնությամբ ԱԺ-ում կազմակերպվել է «Արթուր Մկրտչյան մարդ-գիտնականը, պետական-քաղաքական գործիչը և Արցախյան շարժման առաջամարտիկներից մեկը» թեմայով քննարկում:

Միջոցառմանը ներկա էին այն մարդիկ, ովքեր մոտիկից ճանաչում և անմիջական առնչություն են ունեցել Արթուր Մկրտչյանի հետ:

Մասնակիցները ներկայացրել են Ա. Մկրտչյան անհատին, հայրենասերին, կիսվել հիշողություններով, մտքեր փոխանակել, հանդես եկել հարցադրումներով:

Իր խոսքում մասնավորապես արժևորելով Ա. Մկրտչյանի դերակատարությունը՝ Արցախյան շարժման առաջամարտիկ Համլետ Գրիգորյանը նշել է, որ իր կարծիքով Արթուր Մկրտչյանի առեղծվածային մահում քաղաքական դրդապատճառներ կային:

«Արցախպրես»-ի թղթակց հետ զրույցում ԱՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն ասել է, որ Արցախյան շարժումը քաղաքական և ռազմական ասպարեզ է հանել առաջամարտիկների. նրանցից մեկն էլ հենց Արթուր Մկրտչյանն է:

«Նա բյուրեղյա մաքրության տեր անձնավորություն էր: Ա. Մկրտչյանը կարողացավ իր արդարամտությամբ, անկեղծությամբ և նվիրվածությամբ իր շուրջը համախմբել շարժման ակտիվիստներին: Այդպիսի անհատները միշտ մնում են իրենց բարձրության վրա և կարողանում են իրենց հետևից սերունդներ տանել: Այսօր էլ մեր սերունդը շարունակում է հայրենասիրության և հերոսության դասեր քաղել Ա. Մկրտչյան քաղաքական գործչից»,-նշել է Վ. Բալայանը:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն էլ ասել է. «Խոսելով Արցախյան շարժման 30-ամյակի մասին, պետք է անդրադարձ կատարենք այն մարդկանց, ովքեր խորհրդանշական կերպով հենց այդ շարժման բովանդակությունն են: Արցախյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանն այն կերպարներից է, ում այսօր կարող ենք ներկայացնել և ում թողած հետքն ուսանելի կլինի նաև նորորյա սերնդի համար»:

ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն էլ, կիսվելով Ա. Մկրտչյանի մասին հիշողություններով, պատմել է, որ իր առաջին հանդիպումը նրա հետ եղել է 1988 թվականին Երևանում:

«Բավականին տպավորված էի. նա կիրթ, զարգացած, նվիրյալ անձնավորություն էր: Հետագայում նրա հետ շփվել եմ, որպես պատգամավոր: Մարդ էր մեծատառով, հայրենասեր, ուներ ղեկավարի հմտություն: Այդպիսի ղեկավար-անհատներ մենք շատ քիչ ունենք»,-մասնավորապես ասել է Ա. Գաբրիելյանը:

ԱՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանն իր խոսքում մասնավորապես հիշել է այն դրվագը, երբ Ա. Մկրտչյանը պիտի դառնար գերագույն խորհրդի նախագահ: «Նա համաձայն չէր Նախագահ ընտրվելու, և համեստորեն ասել է, որ ինքը դեռև պատրաստ չէ ստանձնելու նման լուրջ պատասխանատվության»,- նշել է Գ. Պետրոսյանը:

Նշենք, որ Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ: ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր: 33 տարեկանում մահացել է իր դեմ արձակված կրակոցից:

Տեսանյութեր

Լրահոս