Բաժիններ՝

Թուրք պատմաբանը հայատառ թուրքերենով գրված նամակների միջոցով ցույց է տվել թուրքական պաշտոնական պատմագրության խեղաթյուրված լինելը

Թուրք պատմաբան Շյուքրյու Ըլըջաքը հայատառ թուրքերենով գրված նամակների ուսումնասիրության արդյունքում ցույց է տվել, որ թուրքական պաշտոնական պատմագրությունը ամենևին էլ չի արտացոլում Օսմանյան կայսրությունում բնակված հայերի վերաբերյալ իրական պատկերը: Այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar կայքը:

Շյուքրյու Ըլըջաքը գիտական ուսումնասիրության է ենթարկել Կեսարիայի հայ ընտանիքներից Քոջայան ընտանիքի հայատառ թուրքերենով գրված ընտանեկան նամակները:

«Թուրքական պաշտոնական պատմագրությունը հայերին ներկայացնում է որպես զենքը ձեռքին թուրքերին սպանելու երդում տված ինչ-որ հրեշների, որոնք ապստամբում էին պետության դեմ: Պաշտոնական պատմագրության մեջ ներկայացվում է, որ հայերն են մեղավոր իրենց հետ կատարվածի համար: Այս նամակների ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը և որ հայերն էլ իրական կյանքի իրական մարդիկ են, նրանք էլ են հիվանդանում, սիրում, ատում, մտահոգվում ձմեռվա սննդի պաշար հավաքելու համար, ջանք թափում իրենց երեխաներին կրթության տալու և պարտքերը մարելու համար»,-նշել է պատմաբանը:

Քոջայան ընտանիքից Հարություն Քոջայանը և նրա որդին` Կարապետ Քոջայանը 1912-1913 թթ. մեկնել են ԱՄՆ գումար աշխատելու և կրկին հայրենիք վերադառնալու նպատակով: ԱՄՆ-ից Հարություն և Կարապետ Քոջայանները նամակագրական կապ են պահպանել գյուղի իրենց հարազատների հետ: 1915 թ. նամակագրական կապն ընդհատվել է, և նրանք կրկին նամակ են ստացել միայն 1918 թ. և տեղեկացել, որ իրենց ամբողջ ընտանիքը կոտորվել է: Այս նամակները Հարությունի և Կարապետի համար ԱՄՆ-ում եղել են ոչնչացված ընտանիքից միակ հուշը:

Նամակները բացահայտվել են այն ժամանակ, երբ Քոջայանների ընտանիքի ԱՄՆ-ում բնակվող ժառանգները սկսել են հետաքրքրվել իրենց արմատներով: Այս նամակները ենթարկվել են գիտական ուսումնասիրության:

Պատմաբանը նշել է, որ պատմագրական ուսումնասիրությունների տեսանկյունից Քոջայան ընտանիքի նամակները շատ կարևոր և արժեքավոր աղբյուր են հանդիսանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս