
«Ադրբեջանում ընտրություններից առաջ չի բացառվում սահմանին լարվածության մեծացումը». Ռուբեն Սաֆրաստյան

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ Ադրբեջանն ընտրություններից առաջ իր բնակչության վստահությունը շահելու եւ ագրեսիվ հռետորաբանությունն ուժեղացնելու ճանապարհով կարող է ռազմական գործողություններն ակտիվացնել հայ-ադրբեջանական սահմանին:
«Մենք պետք է չկորցնենք մեր զգոնությունը, քանի որ հարեւան ենք մի երկրի, որը բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիա իրականացնել: Զգոնությունը մեզ համար միշտ կենսական նշանակություն ունի»,- ասաց նա:
Սաֆրաստյանի խոսքով` Ադրբեջանն ամեն կերպ հարվածներ է հասցնում Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, եւ ժամանակ առ ժամանակ այդ հարվածներն ընդունում են սուր բնույթ:
«Չեմ կարծում,որ Ադրբեջանը ներկայումս իրական ցանկոթյուն ունի դուրս գալու Մինսկի խմբի բանակցային գործընթացից, ես ենթադրում եմ, որ ապրիլից հետո Ադրբեջանը կփորձի կորզել որոշակի առավելություն բանակցային գործընթացում»,- նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանում իրադրությունը կարող է սրվել նաեւ սիրիական իրադարձությունների հետ կապված: «Ադրբեջանում ճնշումները գնալով ուժեղանում են, եւ դա անհանգստացնում է Ալիեւին»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր: