
Արմեն Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում գրանցված սկանդալային միջադեպին և չի ցանկանում մեկնաբանել այն` առանց խնդրին տեղյակ լինելու: Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասաց, որ փետրվարի 13-ին՝ միջադեպի օրը, ինքը Գյումրիում է եղել:
«Երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում և ամբողջությամբ ներգրավվել էի այդ քաղաքի խնդիրների մեջ` իր դժվարություններով, ցավերով, նաև` հաջողություններով: Եկեղեցում ինձ մի տարեց մարդ մոտեցավ և մարդկային ձևով պատմեց իր դժվարության մասին և խնդրեց, որ ես այն ներկայացնեմ հանրապետության նախագահին, ինչը ես պատրաստվում եմ անել: Այնպես որ, այդ միջադեպից տեղյակ չեմ: Երբ տեղեկանամ, կկարողանամ պատասխանել»,- ասաց Սարգսյանը:
Միաժամանակ Արմեն Սարգսյանն ասաց, թե ցանկացած բռնություն իր համար ընդունելի չէ. «Ես մարդ եմ, ով միշտ ցանկանում է գնալ երկխոսության, քննարկման և մարդկային հարաբերությունների ճանապարհով: Ցանկացած բռնություն վերևից ներքև և ներքևից վերև ինձ համար անընդունելի է»: