Արարատյան մաքսատանն այսուհետ բոլոր գործարքները կկատարվեն մեկ վայրում` միջինում տևելով 5-10 րոպե
Արտաքին տնտեսական գործունեություն ծավալող հայտարարատուներն այսուհետ 5-10 րոպե կծախսեն Արարատյան մաքսատանը ձևակերպման և գանձման գործարքներ կատարելիս: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատյան մաքսատանը հիմնովին վերանորոգվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահը:
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 14-ին շրջայց կատարեց վարչությունում, ծանոթացավ սպասարկման նոր սրահի գործառույթներին:
«Իրավիճակն իրոք գոհացուցիչ է, մեծ աշխատանք է արված և աշխատանքի գնահատականը ոչ միայն ես պետք է տամ, այլ գործարար հասարակությունը: Նրանք կարող են ասել, թե որքանով են գործառույթները հեշտացվել, որքանով են ավելի մատչելի դարձել բիզնես-ՊԵԿ շփումները: Սա այն հարթակն է, որը մեզ ավելի է մոտեցնում: Ոչ թե ֆիզիկապես ենք պատերը քանդել, այլ իրականում պատերը քանդված են ու մեկ հարթակի վրա փորձում ենք իրականացնել բոլոր գործառույթները, որոնք, միգուցե նախկինում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, մարդկանց թվում էր` թափանցիկ չեն»,- ասաց Վարդան Հարությունյանը:
Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանը նկատեց, որ քաղաքացին այլևս ստիպված չի լինի սենյակից սենյակ կամ հարկից հարկ գնալ, այլ նույն վայրում կիրականացնի անհրաժեշտ բոլոր գործարքները: «Սպասարկման սրահը վերազինված է վերջին նորագույն տեխնիկայով: Այսուհետ մեր հայտարարատուներն առաջին հարկի սպասասրահից մոնիտորի միջոցով կարող են հետևել երկրորդ հարկում կատարվող ձևակերպումների ողջ գործընթացին: Բացի դրանից ներդրվել է հերթերի կառավարման համակարգը, որը բացառում է տեսուչ-հայտարարատու հնարավոր շփումն ու փոխհամաձայնությունը»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով` առաջին անգամ ներդրվել են երկակի մոնիտորներ, որոնց միջոցով տնտեսվարողը տեսնում է մաքսային տեսուչի իրականացրած բոլոր ձևակերպումները և ցանկացած հարցի ու սխալի դեպքում կարող է արձագանքել:
«5-10 րոպե է տևելու գործարքների կատարման միջին ժամանակահատվածը: Նախկինում եղել է բարձրացել են 2-րդ հարկ, 3-րդ հարկ, իսկ հիմա ամբողջը` և ձևակերպման, և գանձումների գործընթացը, նույն վայրում է կատարվում»,-հավելեց ՊԵԿ պաշտոնյան: Նա նշեց, որ շուրջ 30 տեսուչ օրական սպասարկում է միջինում 100-120 հայտարարատուի:
Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիր, գլխավոր տնօրեն Արմեն Գասպարյանը հաստատեց, որ մաքսային մարմինների հետ աշխատանքը բաց, թափանցիկ ու արագ է դարձել: Եթե տարիներ առաջ արտահանման կամ ներմուծման դեպքում մաքսային մարմինների հետ աշխատելիս օրական հասցնում էին 1, ապա այսօր իրականացնում են 10-12 գործարք: «Սրանից մի քանի տարի առաջ նույնիսկ մեր ամենալավ երազանքներում չէինք կարող պատկերացնել այսպիսի մաքսատուն, այն ժամանակ գոյանում էին հերթեր, ժամանակատար էր, անհասկանալի էր, թե ինչպես էր կատարվում գրանցումը, իսկ հիմա ամեն ինչ շատ ավելի պարզ է, թափանցիկ, արագ»,-ասաց Արմեն Գասպարյանը:
Նրա հավաստմամբ` մաքսային վճարներ կատարելիս գիտեն որքան են վճարում և ինչի համար: «Համարյա ամեն օր օգտվում ենք, փոփոխությունները տարեց տարի ենք տեսնում»,-ավելացրեց գործարարը:
Ըստ նրա` գործի բերումով շատ են շփվում այլ երկրների մաքսային մարմինների հետ ու եկել են եզրահանգման, որ «մեր մաքսատունն ամենափափուկն է»: «Փաստաթղթերը, քաշքշուկները, բյուրոկրատիան քիչ է մեզ մոտ: Երկրներ կան մինիմում 20 օր է տևում մաքսազերծումը, մեզ մոտ այդպիսի բան անհնար է նույնիսկ պատկերացնել»,-նշեց Արմեն Գասպարյանը: