«Հայ-ամերիկյան հարաբերությունները միայն արտաքինից են մակերեսային». Փոլ Գոբլ
Տարածաշրջանային այցի շրջանակում պաշտոնական այցով Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, որի օրակարգը մի խումբ փորձագետներ բավականին աղքատիկ որակեցին:
Հիշեցնենք, որ հաղորդագրությունների համաձայն՝ Բրինքի հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել էր Միացյալ Նահանգների ներդրումը տարածաշրջանում գոյություն ունեցող փխրուն կայունությունը պահպանելու գործում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն ընդգծել էր հատկապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղության հաստատման գործողությունների, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը:
Կառավարության լրատվական վարչության հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ողջունել էր ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ նշելով, որ այսօր գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ շատ դրական արձագանքներ է լսել հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կատարվող փոփոխությունների և առաջընթացի վերաբերյալ: Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին՝ Կարապետյանն ու Բրինքը կարևորել են համատեղ հարթակների՝ Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:
«Երկուստեք կարևորվել էր այս տարվա մարտին Վաշինգտոնում Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի անցկացումը: Բրիջիթ Բրինքն ընդգծել է՝ «հանդիպումից ակնկալում ենք հստակ գաղափարներ մեր տնտեսական գործընկերությունն առաջ մղելու ուղիների վերաբերյալ»:
168.am-ի հետ զրույցում ամերիկացի վերլուծաբան, նախկին դիվանագետ Փոլ Գոբլն անդրադառնալով վերոնշյալ մեկնաբանություններին՝ ասաց, որ նախագահ Թրամփի որդեգրած արտաքին քաղաքականության համաձայն՝ Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգն արտաքինից պետք է լիներ այնպիսին, ինչպիսին այսօր է:
«Բնականաբար, այդ հարաբերություններն աչքի չեն ընկնում որևէ ոլորտում լուրջ գործընկերությամբ, կան մասնավոր հաղթանակներ, համաձայնագրեր, կա համագործակցություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ֆինանսավորում որոշ ծրագրերի, և այսքանով Հայաստանի հետ համագործակցության օրակարգը սահմանափակվում է, քանի որ Հայաստանը դիտարկվում է՝ որպես Ռուսաստանին մոտ, Ռուսաստանի հետ համագործակցող երկիր, որոնց հետ Միացյալ Նահանգները նմանատիպ քաղաքականություն պետք է վարի»,- բացատրեց Փոլ Գոբլը:
Բայց, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ Հայաստանը տարածաշրջանային այն երկիրն է, որի հետ կարելի է և հնարավոր է համագործակցել՝ անկախ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից և Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից:
«Տարածաշրջանում ԱՄՆ-ի գործընկերը Վրաստանն է, Իրանի հետ հարաբերությունները թշնամական են, Ադրբեջանի հետ` կասկածելի, Հայաստանի հետ՝ կիսատ, բայց շատ ավելի լայն հեռանկարով և ներուժով, ինչն ամերիկյան կողմն ամենևին էլ չի անտեսում:
Այնուամենայնիվ, կարծում եմ, նաև, որ հայ-ամերիկյան օրակարգը միայն արտաքինից է այդքան մակերեսային թվում, իրականում արժեքային կապը բավականին ամուր է, ԱՄՆ-ում մեծ հայ համայնք է ապրում, որը թելադրում է Հայաստանին և ԱՄՆ-ին այլ որակի հարաբերություններ, Իրանի հետ հարաբերությունները ևս նույնն են թելադրում, ի վերջո, քաղաքականությունը միշտ այդքան բաց ու թափանցիկ չէ»,- ասաց Գոբլը:
Նրա գնահատմամբ՝ կողմերը ներկայումս կարևորություն են տալիս հայ-ամերիկյան խորհրդի աշխատանքներին, որը պատահական չէ: Այդ խորհուրդը, նրա խոսքով՝ ուրվագծում է հայ-ամերիկյան տնտեսական և դրանից բխող քաղաքական հարաբերությունները: «Այդ խորհրդի աշխատանքը մասամբ ապահովում է հայ-ամերիկյան հարաբերությունների, համագործակցության ընդլայնումը: Կարծում եմ` առաջիկայում հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի ինֆորմատիվ կլինեն»,- ասաց Գոբլը: