Պահք
Պահքի պատվիրանը մարդուն տրվել է դեռեւս դրախտում:
Եվ քանի դեռ Ադամը պահում էր այդ պատվիրանը, բարձր էր հրեշտակներից, իսկ երբ խաբվեց սատանայից ու կերավ արգելված պտուղը, զրկվեց շնորհներից եւ վտարվեց դրախտից` ժառանգելով մահ ու անեծք:
Սուրբ Գրքում նման շատ օրինակներ կան, երբ մարդիկ արհամարհելով աստվածադիր պատվիրանները, որոնց թվում պահքը՝ մեծամեծ փորձություններ են կրել: Իսկ նրանք, ովքեր սրբությամբ պահել են դրանք, վարձատրվել են Աստծուց ու զանազան շնորհների արժանացել:
Պահքը, որին փորձում ենք անդրադառնալ, ուղղված է ոչ միայն մեր մարմնին, այլեւ հոգուն:
Ծոմն ու պահքն առողջարար են մարմնին, քանզի սրանց ժամանակ մարդու օրգանիզմն անցնում է հանգստի` մաքրվելով թունավոր ու վնասակար նյութերից:
Սակայն պահքն ունի նաեւ ներքին` հոգեւոր իմաստ:
Այն է` որքան հնարավոր է հեռու մնալ մեղքից եւ հաղորդակցվել Աստծո հետ:
Քանզի ի՜նչ օգուտ է մարմինը պահքով նիհարեցնել, երբ հոգին գիրանում է մահացու մեղքերով:
Եվ ով իր անձը պահում է մարմնավոր կերակուրներից, սակայն չի պահում մեղքերից, նրա պահքը, ինչպես ասում են հայրերը, նմանվում է սատանայի պահքին, որովհետեւ սա բոլորովին չի ուտում, բայց երբեք չի դադարում մեղք գործելուց:
Այսպիսի պահքն ընդունելի չէ Աստծուն, այն նույնիսկ չի կարող պահք համարվել:
Տերն Ինքն է ասում Եսայի մարգարեի միջոցով. «Ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում… Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի»: Եվ եթե չկա հրաման` միշտ լինելու կերակրի պահքի մեջ, ապա կա պատվիրան` ամեն ժամ զգուշանալու մեղքից:
Պահոց օրերը տարվա մեջ լինում են երեք տեսակ` օրապահքեր (չորեքշաբթի եւ ուրբաթ), շաբաթապահքեր եւ Մեծ պահք: Օրապահքերը տեւում են մեկ, շաբաթապահքերը` հինգ, իսկ Մեծ պահքը` շուրջ հիսուն օր:
Չորեքշաբթի եւ ուրբաթ օրապահքերը սահմանել են առաքյալները:
Սա գալիս է հին օրենքից: Ըստ այդ հին օրենքի` հրեաները պահում են երկուշաբթի եւ հինգշաբթի օրերը:
Առաքյալներն այս օրերի փոխարեն կարգեցին չորեքշաբթին եւ ուրբաթը:
Չորեքշաբթին Եվայի խաբվելու օրն էր, երբ օձը նրան համոզեց ուտել պտղից, իսկ ուրբաթը` Ադամի, երբ կերավ պտղից ու ելավ դրախտից:
Չորեքշաբթի օրը մեր Տերը հայտնեց Իր մատնության, դատաստանի, չարչարանքների, խաչելության եւ մահվան կենարար խորհուրդի մասին, իսկ ուրբաթ օրը կատարվեց այս ամենը:
Այդ պատճառով պահում ենք այս օրը, որպեսզի միանանք Տիրոջ խաչին:
Առաքինությունները երկու տեսակ են լինում` տեսական եւ գործնական:
Առաջինի համար սրբվում ենք չորեքշաբթի օրը, իսկ երկրորդի համար` ուրբաթ օրը:
Եվ որովհետեւ ընդունում ենք երկու օրենքներն էլ` ե՛ւ Հինը, ե՛ւ Նորը, դրա համար էլ երկու օր սուրբ ենք պահում:
Տարվա մեջ երեք անգամ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին պահք չի պահվում` Ծննդյան ութօրեքին, Հինանց շրջանում ու Վերափոխման իննօրեքին:
Հինանց շրջանում` Հարությունից մինչեւ Համբարձում, պահք չի պահվում, որովհետեւ ինչպես հիսուն օր, այդ թվում նաեւ` շաբաթ ու կիրակի օրերը, պահեցինք հոգու համար, հիսուն օր էլ ուտում ենք մարմնի համար:
Նաեւ՝ Հարությունից մինչեւ Համբարձում երկնավոր Փեսան մեզ հետ է, իսկ երբ վերցվի, ապա կպահենք` ըստ Ավետարանի խոսքի: Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի պահեցողության մասին վկայում են նաեւ Եվագր Պոնտացին, Բենեդիկտոս ճգնավորը, Բարսեղ Մեծը, Եպիփան Կիպրացին եւ շատ ուրիշներ:
Ի վերջո, ոչ թե մենք ենք պահք պահում, այլ պահքն է մեզ պահում:
Պահեցողության օրերին քրիստոնյային առավել մեծ փորձություններ են սպասվում:
Պողոս առաքյալի խոսքերով ասած` մարդու ողջ կյանքը հոգեւոր պատերազմի շրջան է:
Չարն աներեւութապես ամեն վայրկյան պայքարում է` մարդկանց մեղքի թակարդները գցելու համար:
Ուստի մենք պետք է միշտ Քրիստոսի հետ լինենք, որպեսզի կարողանանք պահքով ու աղոթքով հաղթենք սատանային: Նա առավելապես փորձում է հավատացյալներին:
Սա հաստատում են Հին ու Նոր Կտակարանները:
Քանի դեռ հրեաները ծառայության մեջ էին Եգիպտոսում, քիչ էին տանջվում, իսկ երբ դուրս ելան ծառայությունից, բարկացավ փարավոնը եւ որոշեց նրանց ետ դարձնել դեպի ծառայություն, սակայն չկարողացավ դա անել ու իր զորքերի հետ խորտակվեց Կարմիր ծովում:
Եգիպտոսը խորհրդանշում է մեղքի գերությունը, իսկ փարավոնը` սատանային:
Այդպես էլ քանի դեռ մարդ անհավատության մեղքի մեջ է, սատանան նրան չի նեղում, քանի որ գերի է իր ձեռքում:
Սակայն երբ կամենում է հեռանալ մեղքերից, այնժամ բազում փորձություններ է բերում նրան:
Երբ մեղավորը փախչում է նրա ձեռքից եւ գնում դեպի ճշմարիտ հավատքը, սատանան, նրան հետապնդելով, ավելի է բարկանում, բայց երբ մեղավորն արտասուքով ու ապաշխարությամբ քավում է իր մեղքերը, սատանան խեղդվում է արտասուքի ծովում:
Պահքը մարմնի մեռելություն է` հոգեւոր իմաստով, եւ որքան արտաքին մարդը տկարանա, այնքան ներքինն օրըստօրե կնորոգվի: Մնալով առանց կերակրի` մարմինը ցամաքում է տարատեսակ ախտերից, որով հաճելի է լինում Աստծուն եւ դառնում Սուրբ Հոգու բնակարան:
Սա է պահքի նշանակությունը:
Շաբաթապահքերը կանոնակարգել է Ներսես Մեծը:
Հայրապետները ժողովրդին ձանձրույթից հեռու պահելու համար Ծննդյան եւ Այլակերպության քառասնորդական պահքերը բաժանեցին մասերի ու տարածեցին ամբողջ տարվա մեջ` որպես շաբաթապահքեր, եւ այժմ կա տասնյոթ շաբաթապահք. դրանք են` Առաջավորաց, Եղիական, Լուսավորչի, Վարդավառի, Աստվածածնի, Վերացման, Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի, Հիսնակի, Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի, Ծննդյան եւ Մեծ պահքի յոթ շաբաթները:
Շաբաթապահքն ունի բազում նշանակություններ:
Այն խորհրդանշում է արարչության ավարտը, որը սրբության ու պահքի շաբաթ էր մինչեւ վեցերորդ օրը` Ադամի ստեղծվելը, որից հետո պահքը լուծարվեց:
Թեպետեւ մինչ Ադամը ստեղծվել էին տարբեր կենդանիներ ու գազաններ, սակայն դեռեւս չէր եղել դրանք ուտելու հրամանը:
Դրախտից դուրս գալուց հետո նախաստեղծները հինգ օր սուգ պահեցին առանց ուտելու եւ խմելու՝ հայտնվելով մահվան վիճակում, մինչեւ Տերը գթաց ու մի հրեշտակի պատվիրեց մխիթարել նրանց ու խոստացավ իր Միածնին ուղարկել նրանց փրկության համար` հրամայելով ուտել այդ վայրում եղող պտուղներից, եւ նրանք հուսադրվելով կերակուր ընդունեցին:
Նոյի ընտանիքն էլ մինչեւ անձրեւի տեղալը հինգ օր շարունակ առանց ուտելու եւ խմելու մնաց:
Սա ցույց է տալիս հնգօրյա պահքի սրբությունը, որով մտնում ենք եկեղեցի ու փրկվում մեղքերի ջրհեղեղից:
Եգիպտոսից ելնելուց առաջ Աստված հրամայեց յոթ օր բաղարջ ուտել:
Սա շաբաթապահքի խորհուրդն ունի, որով պահում ենք մեր հոգին ու մարմինը մեղքերի բոլոր խմորումներից ու ելնում մեղքի եգիպտական ծառայությունից: Յոթ օր սահմանվեց նաեւ բորոտների` բանակից դուրս մնալու եւ սրբվելու համար:
Նույնը սահմանվեց եւ պղծություններին մոտեցածների համար:
Մովսեսը հրամայեց վեց քաղաք կառուցել ապաստանի համար, որպեսզի ակամա սպանողները մտնեն այնտեղ ու ազատվեն վտանգից:
Սա խորհրդանշում է վեցօրյա պահքը, որը մեզ համար ապաստանի քաղաք է լինում, եւ մենք` ակամա մեղանչողներս, պետք է մտնենք այս պահքի մեջ ու արդարանանք:
Հինգ օր է քավության տոնը, եւ այնուհետեւ յոթ օր` Տաղավարահարաց տոնը, որը խորհրդանշում է պահքի շաբաթի սրբությունը, որով լինում ենք տաղավար եւ բնակարան Աստծուն:
Սրանք օրինակներ են, իսկ ճշմարտությունն այն է, որ սրբում ենք մեր հինգ զգայարանները, որոնցով մեղանչում ենք: Նախ մաքրվում ենք պահքով, ապա տոնում` սրբերին մեզ բարեխոս ունենալով:
Սիրանուշ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ