Երևանում մեկնարկեց Քշիշտոֆ Պենդերեցկու հոբելյանին նվիրված փառատոնը
Լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնին կհնչեն մի շարք ստեղծագործություններ, որոնք Հայաստանում դեռ չեն կատարվել: Պենդերեցկու հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց փետրվարի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Պենդերեցկին իր ներկայությամբ պատվեց փառատոնը:
Նա նշել է, որ ինքը մի քանի անգամ եղել է Հայաստանում, և իր համար առանձնակի կարևոր է, որ այն սկսվում է Երևանից: Պենդերեցկու խոսքով` միշտ սիրով է վերադառնում Հայաստան, կնոջ հետ ունկնդրում բարձրորակ երաժշտություն և իրեն զգում ինչպես տանը, միայն հայոց լեզվին չի տիրապետում:
Փառատոնի բացմանը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց Պենդերեցկու ջութակի թիվ 2 կոնցերտը` «Մետամորֆոզներ» (մենակատար` Մարթա Կովալչեկ, ջութակ), ինչպես նաև թիվ 5 սիմֆոնիան` «Կորեական»:
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Պենդերեցկուն մերօրյա Բրամս անվանեց՝ ընդգծելով, որ կոմպոզիտորը 60-ականներին էքսպերիմենտալ, գերնոր երաժշտություն է գրել, այնուհետև ավելի դյուրամարս գործել ստեղծել, որոնք անգնահատելի են:
«Հաճախ եմ մտածում, որ այսօր բավականին դժվար է երաժշտություն գրել. չեմ կարծում, որ Մոցարտի պես մեկը կծնվի, քանի որ բոլոր նոտաների հետ, կարծես թե, ամեն բան արված է, բայց կա Պենդերեցկին, որը, իսկական երաժշտության վրա խաչ չքաշելով, յուրահատուկ և հրաշալի երաժշտություն է ստեղծում: Նրա նման երկրորդին չեմ ճանաչում»,-խոստովանեց Թոփչյանը:
Գեղարվեստական ղեկավարն անդրադարձավ նաև լեհ երաժիշտ Մարթա Կովալչեկին և ասաց, որ իրեն դուր է գալիս, թե ինչպես է Կովալչեկը ներկայացնում թիվ 2 կոնցերտը: «Կան կատարումներ, որոնք վիրտուոզ են, փայլուն, բայց կոնցերտի խորությունը, լիրիկան կարծես թե մինչև վերջ չեն կայացնում: Մարթային հաջողվել է դա անել»,-եզրափակեց Էդուարդ Թոփչյանը:
Համերգն անցավ բուռն ծափահարությունների ներքո:
Փառատոնի շրջանակում փետրվարի 15-ին «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն Քշիշտոֆ Պենդերեցկու երգչախմբային ստեղծագործությունները:
Ամսի 16-ին կանցկացվի Պենդերեցկու կամերային երաժշտության երեկո: Հանդես կգան ջութակահար Մարթա Կովալչեկը և դաշնակահար Սոմի Կիմը, ակորդեոնահար Մայեչ Ֆրոնցկիևիչը, ինչպես նաև Մեկորե լարային քառյակը:
Փառատոնի փակման համերգին` փետրվարի 17-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային երգչախմբերը կներկայացնեն Սիմֆոնիա թիվ 7 «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը: Մենակատարներն են սոպրանոներ Իվոնա Հոսսան և Կարոլինա Սիկորան, մեցո-սոպրանո Մալգորզատա Պանկոն, տոներ Ալեքսանդր Կունախը, բաս Պյոտր Նովացկին, ասմունքող Սլավոմիր Հոլանդը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտի 85-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։