«Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու իրական նպատակը Ճապոնիային հակաքայլեր անե՞լն է». Արտակ Զեյնալյանը՝ փոխնախարարին
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է վերջին շրջանում ակտիվ քննարկված և քննադատված Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը հայտնեց, որ առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ:
Պատգամավոր Կնյազ Հասանովը հետաքրքրվեց՝ եթե աջակողմյան ղեկով մեքենաները վթարների առիթ են հանդիսանում, ինչո՞ւ է ՀՀ-ում թույլ տրվում արդեն գտնվող աջակողմյան տանսպորտային միջոցների շահագործումը: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ նախագծի նախնական տարբերակում դա էլ է արգելված եղել, բայց փոխել են՝ չսահմանափակելու համար մարդկանց սեփականության իրավունքը:
Պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց հիմա որոշվեց արգելել աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների ներմուծումը: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ հիմնական պատճառն այն էր, որ 2017 թվականին նկատել են, որ այդ մեքենաների ներմուծումը և շրջանառությունը սկսում է բավականին աճել:
«Ավտոմոբիլը շքեղություն չէ, այլ տեղաշարժման միջոց է: Հետևաբար՝ ավոտմոբիլ ձեռք բերելու իրավունքը ոչ միայն սեփականության, այլև ազատ տեղաշարժման իրավունք է: Եթե այս սահմանափակումը մտցնելու նպատակն անվտանգությունն է, գիտեք, որ կարելի է ավտոմեքենայի հայելու վրա դնել տեսախցիկ և ունենալ ավելի մեծ տեսադաշտ, քան՝ ձախ ղեկով ավտոմեքենայի վարորդն ունի:
Աջակողմյան ղեկով մեքենաները 10 տարով ավելի թարմ են, քան ձախակողմյան ղեկով մեքենաները, որովհետև Հայաստանը մեքենա չի արտադրում, և մարդիկ ավտոմեքենաները ներկրում են: Եթե Ճապոնիայից են ներկրում, ապա այն 10 տարով ավելի թարմ է և 5 անգամ ավելի անվտանգ, քան Գերմանիայից ներմուծված՝ արդեն բարոյապես և ֆիզիկապես մաշված մեքենաները: Իրական պատճառը ո՞րն է այս նախաձեռնության»,- հետաքրքրվեց Ա. Զեյնալյանը:
Գ. Գրիգորյանը կրկնեց, որ դա արվում է ճանապարհային երթևեկության անվտանգության համար. «Լինելով մեքենա արտադրող երկիր՝ Ճապոնիայում այն մեքենաները, որ մաշվում են և ունեն էկոլոգիական խնդիրներ, շատ արագ դուրս են հանում երկրից և վաճառում այն երկրներին, որտեղ այն շահագործելու իրավասությունը կա»:
«Այսինքն՝ իրական նպատակը տնտեսակա՞ն է, մենք ուզում ենք հակաքայլեր անենք Ճապոնիայի՞ն»,- հետաքրքրվեց Ա. Զեյնալյանը:
Ի պատասխան՝ Գ. Գրիգորյանն ասաց. «Ես կարծում եմ՝ դա հումոր էր, դուք դա հումորով ասացիք»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նկատեց, որ Ճանապարհային ոստիկանության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2017 թվականին գրանցվել է 2553 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 10 տոկոսն է աջակողմյան ղեկով մեքենաների մասնակցությամբ: Նրա համար նույնպես անհասկանալի է այս օրենքի իրական նպատակը:
«Այսօրվա վիճակով է այդքան, գնալով՝ կավելանա: Աջակողմյան մեքենաների տոկոսն էլ է այդքան, եթե դրանք ավելանան, այդ դեպքերն էլ կավելանան»,- արձագանքեց Գ. Գրիգորյանը: