«Այս խորհրդարանում սպանվել է ԱԺ նախագահ և վարչապետ». Արամ Սարգսյանը հիշեցրեց Հոկտեմբերի 27-ի դեպքերը

«Եթե ՀՀ-ն թևակոխում է պառլամենտական պետության ժամանակաշրջան, ապա պառլամենտի առաջ որևէ փակ դուռ չպետք է լինի»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Ի՞նչ է նշանակում՝ կառավարությանն առընթեր կամ վարչապետին առընթեր մարմնում Ագզային ժողովը պետք է չունենա ներգրավվածություն: Մենք մոռանում ենք, որ Ազգային ժողովը պատերազմ և խաղաղություն հայտարարող մարմինն է, թիվ մեկ քաղաքական մարմինն է, ԱԺ-ն պառլամենտական վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ, հիմա հանկարծ որոշեցինք, որ բացառություն պետք է կազմի պաշտպանության ոլորտը: Այդ Պաշտպանության մասին օրենքն ԱԺ-ն չի՞ ընդունում, Զինապարտության մասին օրենքն ԱԺ-ն չի՞ ընդունում: Ազգային ժողովը պետք է իր լիազոր ներկայացուցիչն ունենա Անվտանգության խորհրդում»,- հայտարարեց Գ. Պետրոսյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն էլ  Հոկտեմբերի 27-ի դեպքերը հիշեց. «Անվտանգության խորհրդի այս օրենքին ծանոթանալով՝ հիշեցի եղբորս վերջին  հոդվածներից մեկը՝ «Հայի վերջին խելքը»: Պատահական եղբորս չհիշեցի, մենք պետք է հիշենք, որ այս խորհրդարանում սպանվել է ԱԺ նախագահ և վարչապետ, և այդ ժամանակ Անվտանգության խորհրդի նիստ է աշխատել, ու այդ նիստերը ղեկավարել է երկրի նախագահը, և բավականին լուրջ խնդիրներ են այնտեղ քննարկվել:

Կարդացեք նաև

Ինձ համար  զարմանալի չէր, որ Խոսրով Հարությունյանը խոսեց այդ խորհրդում նախագահի և ԱԺ նախագահի ներգրավման խնդրի մասին: Մենք պատերազմող երկիր ենք, վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է, Աստված չանի, բայց հնարավոր է՝ այդ  վարչապետը պատերազմի դաշտում զոհվի, ո՞վ է այդ խնդիրները բերելու, քննարկելու, այդ ձեր ասած՝ առաջին փոխվարչապե՞տը, որ գուցե տնտեսության մասնագետ է կամ գյուղատնտեսության: Պետք է փոխել, պետք է վերանայել այս ամեն ինչը»:

Տեսանյութեր

Լրահոս