Խոսրով Հարությունյանն առաջարկում է ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի համար Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն ստեղծել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ մեր Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն. «Շատ հստակ է, որ կառավարությունը կազմված է վարչապետից, 3 փոխվարչապետներից և նախարարներից: Սահմանադրությունը չի ասում, որ փոխվարչապետներից մեկն ավելի բարձր է մյուսից: Եթե մենք սա չենք ուղղում, ունենում ենք հակասահմանադրական օրենք: Հիմա ի՞նչ ենք անելու»:

Փոխնախարարը չհամաձայնեց Է. Մարուքյանի դիրքորոշման հետ. «Սահմանադրությունը որևէ արգելք այս հարցում չի նախատեսում: Ավելին, առաջին փոխվարչապետ ասելով՝ փոխվարչապետին մենք առանձնացնում ենք միայն լիազորությունների շրջանակով, դա հիմնականում վարչապետին փոխարինելու լիազորությունն է՝ վարչապետի բացակայության դեպքում: Այդ հարցին հպանցիկ Սահմանադրությունն անդրադարձել է»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ բարձրացրեց ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի՝ Անվտանգության խորհրդում չլինելու հարցը. «Անվտանգության խորհրդի կազմում չեն կարող լինել ո՛չ նախագահը, ո՛չ ԱԺ նախագահը, բայց ես կարծում եմ՝ նրանք պետք է հնարավորություն ունենան՝ եթե իրենք դրա անհրաժեշտությունը զգում են, մասնակցեն այդ նիստերին: Այդ հնարավորությունն իսպառ բացակայում է: Կարծում եմ՝ կարելի է այստեղ քննարկել ու մտածել՝ որքանո՞վ կարող է դա օգտակար լինել»:

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ նախագծով իրենք նախատեսել են հնարավորություն, որ նիստերին հրավիրվեն խորհրդի անդամ չհանդիսացող անձինք, բայց դա արդեն Անվտանգության խորհրդի ցանկությամբ է լիելու, այլ ոչ թե՝ ՀՀ նախագահի կամ ԱԺ նախագահի. «Իրոք տարբերություն կա ներկայումս գործող Անվտանգության խորհրդի ու ստեղծվելիք Անվտանգության խորհրդի միջև: ԱԺ նախագահի ներկայությունն այստեղ շատ է կարևորվում, որովհետև ՀՀ նախագահի լիազորությունների իրականացման անհնարինության դեպքում՝ ԱԺ նախագահն է, որ նրան փոխարինում է, և, եթե Անվտանգության խորհրդի նախագահը ՀՀ նախագահն էր, բնական է, որ ԱԺ նախագահն այստեղ պետք է ներկա լիներ: Իսկ վարչապետին փոխարինողներ կան»:

Տեսանյութեր

Լրահոս