«Շատերի մոտ անիմաստ սպասողական վիճակ կա, թե ապրիլի 9-ից հետո ինչ կլինի». Արսեն Ղազարյան

Հարցազրույց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

– Պարոն Ղազարյան, վարչապետ Կարեն Կարապետյանի «դրայվն» ու կառավարության աշխատանքն անցած տարի ապահովեցին 7.7% տնտեսական աճ։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է այդ աճը որակական առումով։

– Անշուշտ, 2016 թ. հետ համեմատության մեջ այդ աճը կարող ենք գնահատել՝ որպես որակական աճ։ Բայց տնտեսական աճ, որն ուղղակի ազդեցություն կունենա ազգաբնակչության կենսամակարդակի, գնողունակության վրա, այս առումով աճը մի փոքր համեստ է։ Շատ եմ կարևորում, որ 2017 թ. ցուցանիշները՝ թե՛ ներկրումների, թե՛, առավել ևս, արտահանումների, ՀՆԱ աճը, արդարացրեցին այն կանխորոշումները, որ Համաշխարհային բանկի փորձագետները, մեր տնտեսագետները տալիս էին, և մենք ունեցանք լավ նախապատրաստական տարի 2018 թ. համար, տարի, որը պետք է լինի ներդրումների զգալի աճի տարի։

Ներդրումներ, որոնք առաջին հերթին՝ պետք է նպատակուղղված լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, արդեն գործող ձեռնարկությունների վերազինմանը, որպեսզի մենք կարողանանք լուծել ամենամեծ գերխնդիրը, որն այսօր տնտեսության առջև կանգնած է։

Կարդացեք նաև

Տարիներ շարունակ մենք խոսում էինք շուկաների պրոբլեմի մասին, թե որտեղ ապրանք վաճառենք, որտեղ մեր նիշան գտնենք: Այսօր մենք, ըստ էության, շուկաների խնդիր չունենք` թե՛ իրավական առումով, ԵԱՏՄ-ի, թե՛ Եվրոպայի, և թե՛ ԱՄՆ-ի հետ GSP+, GSP համակարգերի պահպանումը մեզ լիովին հնարավորություն է տալիս անխափան մեծացնել արտահանման ծավալները, բայց մեր գերխնդիրն արտադրական ծավալներն են, հատկապես՝ այն ճյուղերում, որոնք արդյունավետ արտահանման ցուցանիշ են ցուցաբերել, գերխնդիր է համապատասխան որակի և քանակի ծավալներ մեծացնելը։

Սրա վրա պետք է կառավարությունը և գործարարությունն աշխատի, այլապես մենք միջազգային ֆորումների, հանդիպումների, այցերից հետո բերում ենք պայմանագրեր, բերում ենք պոտենցիալ գնորդների, բայց նույնիսկ լավագույն ձեռնարկություններն ասում են՝ սահմանափակ են իրենց ծավալները, ու իրենք ունեն իրենց վաճառքի շուկան։

Հատկապես, երբ սա վերաբերում է գյուղատնտեսական վերամշակված մթերքին, պտուղ-բանջարեղենին, և մենք տեսնում ենք, թե ինչ քանակի անմշակ հողատարածքներ ունենք նույն Արարատյան դաշտում, ակնհայտ է, որ ամեն ինչ պետք է ուղղվի արտադրական ծավալների մեծացմանը: Կառավարությունն արդեն ունի որոշակի գործիքակազմ գյուղատնտեսական ձեռնարկություններին, հատկապես՝ փոքր ու միջին, աջակցելու համար` վարկերի սուբսիդավորում, և այլն: Անցած տարի Հարկային օրենսգրքում մի քանի շատ լավ դրույթներ մտցվեցին, որոնք նպաստում են արդյունաբերական ոլորտի վերազինմանը:

Խոսքը հունվարի 1-ից ուժի մեջ մտած հումք, մեքենա-սարքավորումների վրա սահմանին ավելացված արժեքի դրույքաչափի կիրառման մասին է, հիմնական միջոցների գույքագրման մաշվածության մեկ տարվա ժամանակացույցը, արտահանման դեպքում ԱԱՀ վերադարձը՝ առավելագույնը 1 ամսում: Այսինքն` տրված են մեխանիզմներ, որոնք ուղղակիորեն նպաստելու են գործարարներին ներդրումներ անելու:

Օրերս մասնակցել եմ Ավանի աղի կոմբինատի բացմանը, որը հզոր արտադրամաս է, և ուրախալի է, որ տարին սկսում ենք ժապավեններ կտրելով: Բայց այս գերխնդիրն իրականացնելու համար պետք է լուծենք երկրորդ խնդիրը` մատչելի երկարաժամկետ վարկերի ապահովում, որ պետք է ուղղել դեպի արդյունաբերություն:

Եթե գյուղատնտեսության համար կառավարությունը սուբսիդավորում է, ՈՒՎԿ-ն և ՓՄՁ ԶԱԿ-ն ավելացրել են աջակցությունը, շատ լավ է, բայց նոր սարքավորումների, նոր ջերմոցների կառուցման համար պետք են երկարաժամկետ վարկեր: Ես հույս եմ կապում, որ այս տարի վերջապես կսկսի աշխատել ներդրողների ակումբը, որտեղ կենտրոնացած են բավական լուրջ ֆինանսական ռեսուրսներ, և պետք է իրականացնեն վարկավորման ծրագրեր, որովհետև միայն բանկերում գումարներ կան, բայց վարկային փաթեթը ծանր է և թանկ է նստում գործարարի համար, և մենք չենք կարողանում լուծել այս հարցը: Տարին խոստումնալից է, արդեն ամփոփել ենք հունվարի ցուցանիշները, և տարբեր ձեռնարկությունների մոտ արտահանման ու ներկրման ծավալների աճ կա:

Սա պայմանավորված է ոչ միայն՝ բնակլիմայական պայմանների բարենպաստ վիճակով, այլև՝ բիզնես ծրագրերն իներցիայով 2017-ից 2018 անցնելը: Տարին լավ է լինելու, եթե մենք շարունակենք նվազագույնի հասցնել քաղաքական գործառույթների ազդեցությունը, որը, ես ավելի քան վստահ եմ, կհաջողվի, որովհետև շատերի մոտ անիմաստ սպասողական վիճակ կա, թե ապրիլի 9-ից հետո ինչ կլինի:

Բայց պետք է հասկանալ, որ խոսքը գնում է նոր Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգի մասին, որտեղ անձերի դերը ավելի նվազում է, և համակարգն է աշխատում, իսկ համակարգը ՀՀԿ-ն է` ԱԺ-ում իր գերիշխող դիրքով, որն իր ռազմավարությունն ու մարտավարությունը, անկախ նրանից, թե վարչապետը, փոխվարչապետները, նախարարներն ով կլինեն, շարունակելու է իրականացնել:

Լավ ենք գնում առաջ, անելիք շատ ունենք: Տարվա վերջին իրականացված հարկային փոփոխությունների ժամանակ մոտ 80%-ով մեր առաջարկներն անցան, վերջապես հասկացանք, որ դիվիդենտների հարկում կա, բայց գոնե 5%-ի վրա կանգնեցինք, և այն էլ հարկվում է միայն բիզնեսից գումարը հանելու դեպքում:

Մինչդեռ նախկինում, անկախ ամեն ինչից՝ պետք է վճարեիր, հետո փորձեիր պետությունից հետ ստանալ, որը շատ մեծ, թե՛ կազմակերպչորեն, թե՛ հոգեբանորեն, հարված էր Հայաստանի ներդրումային մթնոլորտին: Այս ամեն սպասելիքները տեսական են, իսկ գործնականում գործարարը պետք է համարձակ ծրագրեր դնի, վստահ գնա առաջ և դնի ավելի բարձր նշաձողեր:

Մեր միության անդամ գործարարների մոտ կա համառ լավատեսություն՝ ավելին անելու, և միայն պետք է աջակցել: Վարչարարությունից առանձնակի մեծ դժգոհություն չկա, հարկային ստուգումներն ավելի կանոնակարգված են, գործարարների մի մասը, կառավարության արձանագրային որոշում իրականացնելով, թույլ է տվել հարկային տեսչությանը միանալ իրենց հաշվապահական համակարգին և առցանց հետևել: Այս տարի ավելի լավ ցուցանիշներ կունենանք, քան 2017-ին:

– Ռոբսոնի հետ կապված սկանդալը չի՞ ազդել ներդրողների ակումբի վարկի վրա:

– Հարցը տվեք ակումբի նախագահին և անդամներին: Ես այդ ակումբի անդամ չեմ, տեղյակ չեմ:

– Պարոն Ղազարյան, անցած տարվա ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումները մոտ 30%-ով նվազել են: Ինչո՞վ եք սա պայմանավորում, և ինչո՞ւ ակտիվ չեն ներքին ներդրողները:

– Ես կարող եմ ասել, որ ներքին ներդրողներն ավելի ակտիվ են, քան արտաքին: Անկումն ուղղակի ներդրումների մասով է, բայց եթե ներքին ներդրումներն անկում ապրեին, մենք այս ցուցանիշները չէինք ունենա: Օտարերկրյա ներդրողների վրա շատ են ազդում թե՛ օրենսդրական, թե՛ քաղաքական փոփոխությունները, թե՛ տարածաշրջանային խնդիրները:

Մի մոռացեք, որ 350 կմ-ի վրա մեզնից պատերազմական գործողություններ են, ռուսական շուկան այդպես էլ չի կարողանում դուրս գալ սանկցիաներից, ճիշտ է, ռուսական ռուբլու որոշակի լուրջ կայունություն կա, բայց ֆինանսական ռեսուրսների պակաս կա, իսկ մեզ մոտ խոշոր ներդրողների մեծ մասը հենց ռուսական շուկայից է եղել: Ներդրողների ակումբի դերը հենց դա պետք է լինի, որ մի քանի ենթակառուցվածքային և արդյունաբերական խոշոր ծրագրեր ֆինանսավորվեն, կսկսի աշխատել նաև Մեղրու ազատ առևտրի գոտին, որը նույնպես ներդրումային մեծ պոտենցիալ ունեցող համակարգ է: Վերջին հաշվով, մենք ՀՆԱ աճն ապահովել ենք, բայց ներդրումները մեզ ջրի պես պետք են:

– Բայց ինչո՞ւ արտաքին ներդրողները չեն վստահում և չեն գալիս Հայաստան:

– Մի քանի գործոններ կային, որ այս տարի ավելի մեղմ են, և վստահության աստիճանն ավելի կբարձրանա: Մի մոռացեք, նախ` ընտրական տարի էր, մայիսին ընտրությունները նոր ավարտվեցին, հետո օրենսդրություն, համակարգ ենք փոփոխել, ասում էինք` Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի հիմնական դրույթներով 2018-ից, դրանից էլ սպասումներ կային, որովհետև, ըստ էության, խաղի նոր կանոններ են:

Հայաստանի զարգացման հիմնադրամը, կարծում եմ, անցած տարի լավ մարզվել է, այս տարի կկարողանա արդյունավետորեն իրականացնել ներդրողներ բերելու իր գործառույթը: Իսկ ավելի խոր վերլուծության համար, կարծում եմ, պետք է աշխատել ու հասկանալ՝ ինչն է ազդել ներդրումների վրա: Նաև հնարավոր է՝ մի տարի շատ խոշոր ներդրում է լինում, օրինակ, Էլցանցերի գործարքը, մյուս տարի չի լինում, և զուտ համեմատության մեջ թվային՝ թվում է, թե նվազել է:

– Բայց գումարային արտահայտությամբ էլ փոքր թիվ է:

– Այո, փոքր թիվ է:

– ԱՄՆ դեսպանատունը նշում է դատական համակարգի անարդարությունն ու կոռուպցիան:

– Առանց ԱՄՆ դեսպանատան նշելու էլ՝ մենք գիտենք, որ ունենք մի քանի հիմնարար հարց, որ ներդրողների համար շատ կարևոր են: Այս տարի վերջապես օրենսդրորեն ընդունվեց, որ օտար ներդրողներն իրավունք են ստանում իրենց պայմանագրերում նշել արտերկրի արբիտրաժից օգտվելու մասին, որը շատ կարևոր էր: Դատական ռեֆորմում հիմա ուզում են առանձին ատյանները փոխել, արդյունավետությունը բարձրացնել, որն աշխատատար աշխատանք է:

Կոռուպցիայի աստիճանը միշտ էլ խոչընդոտ է եղել, տարին տարվա վրա նվազեցնում ենք, բայց ես չեմ կարծում, որ մեր մոտ կոռուպցիոն ռիսկերն այնքան մեծ են, որ հենց դա է խանգարում, և մյուս կողմից էլ՝ խոշոր ներդրումները երբ գալիս են, ընկնում են պետական երաշխիքի տակ և զերծ են կոռուպցիոն ռիսկերից: Միջին ու փոքր բիզնեսն ավելի շատ հարվածներ է ստանում, քան խոշորը:

Դեսպանատան վերլուծության հետ համաձայն եմ, բայց դա մեր կառավարությունն էլ է ասում: Կոռուպցիոն ռիսկից ավելի ես կարևորում եմ հավասար մրցակցային դաշտը, ես հավակնում եմ, որ նոր կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծով և Սահմանադրության կիրառումով մեր ՏՄՊՊՀ-ն պետք է ավելի լավ գործառույթներ իրականացնի և հավասարություն ապահովի: Այն, ինչ ունենք, բավարար չէ, և հենց այդ կառույցն է, որ պետք է զբաղվի մրցակցությամբ, հարկայինն այլ տիպի հարցեր է լուծում: Հավասար մրցակցային մթնոլորտն է, որ խրախուսում է առաջին հերթին՝ ներքին ներդրողին, հայ գործարարին:

– Պարոն Ղազարյան, ներդրումների հետ կապված՝ իշխանությունը հույս է կապում ՀՀ 4-րդ նախագահ առաջադրված Արմեն Սարգսյանի հետ՝ վստահեցնելով, որ նա իր անձնական կապերի շնորհիվ կկարողանա ներդրումներ ապահովել: Ձեր կարծիքով` որքանո՞վ են կարևոր անձնական կապերը:

– Ներդրումներ ապահովելու համար պետք է աշխատեն բոլորը` գործարարը, բիզնեսը համակարգող հասարակական կառույցները, միությունները, պալատները, միջազգային այցերով, համոզելով: Պետության նոր գլուխ է ընտրվելու` նոր կարգավիճակով, միջազգային հեղինակությամբ, գործարար փորձով, և երևի պարզ է, որ նա պետք է իր հնարավորություններն օգտագործի Հայաստանի տնտեսությանը նպաստելու համար: Հույսերը միայն ժամանակի մեջ են արտահայտվում: Ես էլ հույս ունեմ:

– Բայց փորձագետներն ասում են, որ առանց գործարար միջավայրը բարելավելու՝ ճիշտ չէ անձնական կապերին առաջնություն տալը:

– Միջավայրն առանց անձնական կապերի չի աշխատում: Աշխարհը ևս կառավարվում է ավելի շատ անձնական կապերով, որովհետև շատ կոռումպացված, մեզանից մի քանի անգամ ծանր երկրներում անձնական կապերի, հարգանքի, վստահության միջոցով մի քանի անգամ ավելի շատ ներդրումներ են արվում: Արաբական երկրները, Ծոցի երկրները դրա վառ օրինակն են:

Տեսանյութեր

Լրահոս