«Ավտորիտարիզմը պոզով-պոչով չի լինում». Արմեն Մարտիրոսյան
«Մեր բոլոր չընդունված Սահմանադրությունների պարագայում, այնուամենայնիվ, իշխանության այսպիսի գերկենտրոնացում չի եղել, գործադիր իշխանությունն այս կամ այն չափով բաժանված է եղել նախագահի և վարչապետի միջև։ Իհարկե, նախագահը դոմինանտ է եղել, բայց վարչապետը ևս բավականին մեծ լիազորություններ է ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Իսկ այս Սահմանադրությամբ և դրանից հետո ընդունվող օրենքներով, ըստ Մարտիրոսյանի՝ ամբողջ գործադիր իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում. «Մեզ նման երկրներում առաջնային ուժային կառույցներն են, և այդ գերկենտրոնացումն ակնհայտ է։ Նույնիսկ նախագահը չի ունեցել այդքան լիազորություններ, այս դեպքում իսկապես շատ մեծ է։ Մենք այն ժամանակ էլ էինք ասում, որ սա պառլամենտական համակարգ չէ, որովհետև պառլամենտական համակարգում ԱԺ-ն է դոմինանտ։ Ցավոք, Հայաստանն ավտորիտար ճանապարհով է գնում, և, եթե նախկինում միայն մենք էինք բարձրաձայնում այդ մասին, հիմա արդեն միջազգային հեղինակավոր կազմակերպություններն էլ են նշում, որ Հայաստանը հենց այդ ուղղությամբ է ընթանում։ Սա բացառապես Սերժ Սարգսյանի համար է արվել, և, եթե ինչ-որ մեկի մոտ փոքր-ինչ կասկած կար, մտածում էինք, որ վարչապետի այլ թեկնածու գուցե գտել է, բայց կառավարության նիստերի փակ լինելը արդեն միանշանակ Սերժ Սարգսյանի համար է արվում»։
Նրա խոսքով՝ Հայաստանում ավտորիտարիզմի փափուկ տեսակն է կիրառվում. «Ֆինանսական հոսքերը դեպի կուսակցություններ ամբողջովին վերահսկվում են, և եթե այդ վերահսկողության արդյունքում ընդդիմությունը որևէ լումա չի ստանում, իշխանությունն ինչքան պետք է՝ ստանում է։ Այսօր ֆինանս բացառապես ունի իշխանությունը, չունենք ազատ, մրցակցային տնտեսություն։ Միջազգային գործընկերներն էլ ուզած-չուզած՝ համագործակցում են իշխանությունների հետ, որի արդյունքում փափուկ ավտորիտարիզմն ուժեղանում է»։
Նա նկատեց՝ ինչպե՞ս կարող է երկրի Սահմանադրության երաշխավորը՝ նախագահը, չլինել Անվտանգության խորհրդում կամ չղեկավարել այն. «Սա թագուհու կարգավիճակ էլ չէ, Անգլիայի թագուհին մեծ լիազորություններ ունի. պառլամենտը կլինի դակող մարմինը, նախագահն էլ կլինի կնիք դնող մարմինը։ Ավտորիտարիզմը պոզով-պոչով չի լինում, այլ լինում է ռեալ գործընթացներով»։