Հայաստանից արտահանվող ապրանքների մեկ քառորդը գնացել է Ռուսաստան. թոփ 10 շուկաներից դուրս է եկել Կանադան
Հայաստանի արտահանման տասը հիմնական շուկաների կառուցվածքում 2017-ին որոշակի փոփոխություն է կատարվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, թոփ 10 շուկաներից դուրս է եկել Կանադան, մուտք է գործել Նիդերլանդները: Ռուսաստանը շարունակում է գլխավորել արտահանման շուկաների տասնյակը (կշիռը` 24.1 տոկոս), Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ մեկ քառորդը գնում է Ռուսաստան:
Երկրորդ տեղում, ինչպես 2016-ին, Բուլղարիան է (12.8 տոկոս): 2017-ին` 2016-ի համեմատ, տասնյակում տեղերի բաշխվածության առումով ևս փոփոխություններ կան: Մասնավորապես, Շվեյցարիայի տեսակարար կշիռը ՀՀ արտահանման կազմում աճել է 7.8, ԱՄԷ-ինը` 1, Չինաստանինը` 0.1 տոկոսային կետով: Մյուս երկրների մասով արձանագրվել է տեսակարար կշռի ցուցանիշի անկում: Ընդհանուր առմամբ` 2017-ին Հայաստանից արտահանված ապրանքների 25.8 տոկոսն ուղարկվել է ԱՊՀ երկրներ, 28.2 տոկոսը` ԵՄ երկրներ, 46 տոկոսը` այլ երկրներ: 2016-ի համեմատ արտահանման կազմում աճ են գրանցել ԵՄ երկրները 1.5 և ԱՊՀ երկրները` 2.8 տոկոսային կետով, իսկ այլ երկրները 4.3 տոկոսային կետով նվազել են:
Հիմնական շուկաներից զատ 2017-ին արտահանման ծավալների աճի հետաքրքական ցուցանիշներ են արձանագրվել մի քանի առանձին երկրների առնչությամբ: Հայկական ապրանքների արտահանում բազմապատիկ աճել է Եվրամիության երկրներից` Դանիա (3.4 անգամ), Ֆինլանդիա (11.7), Հունգարիա (2.1), Միացյալ Թագավորություն (3.1), Իսպանիա (13), Կիպրոս(4), Շվեդիա (5.2), այլ երկրներից` Շվեյցարիա (3.6), Թաիլանդ (9.2 անգամ): Արտահանման ծավալների անկում է արձանագրվել դեպի Ղազախստան, Բելառուս, Գերմանիա, Հունաստան, Լեհաստան, Ռումինա, Լիտվա, Սլովակիա, Բրազիլիա, Իրաք, Կանադա: 2017 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 2 միլիարդ 242 միլիոն 868.8 հազար դոլար, աճի տեմպը 25.2 տոկոս է:
Պատրաստեց Անի Նազարյանը