Բաժիններ՝

«Չեմ կարող ասել, որ այդ պոեզիայի մակարդակից հրճված եմ». Ռուբեն Բաբայանը՝ Հուսիկ Արայի վերջին բանաստեղծության մասին

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում քննադատության թիրախ դարձավ բանաստեղծ Հուսիկ Արան` Հայաստանի մասին գրված իր բանաստեղծության համար: Դրան զուգահեռ՝ սոցիալական ցանցերում քննադատություններ և մեղադրանքներ հնչեցին նաև իջևանցի երիտասարդ լրագրող Նարինե Չուխուրյանի հասցեին` Իջևանի մասին ակնարկ գրելու պատճառով: Խոսքի ազատությանը և ազատ արտահայտվելու իրավունքին այս տեսանկյունից անդրադառնալու համար «Մեդիա» կենտրոնում քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին բանախոսներ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ու Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը:

«Ուզածդ գրաքննություն տոտալիտար համակարգի դրսևորում է»՝ վստահ է Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոք, եթե պաշտոնյա չէ, առավել ևս՝ արվեստագետ, այդ թվում՝ նաև բանաստեղծ, արտահայտում է իր սեփական կարծիքն ու զգացմունքները՝ սեփական տաղանդի չափի շրջանակներում, տվյալ օրվա էմոցիոնալ վիճակից ելնելով, և չի բացառվում, որ մի քանի ժամ անց նա բոլորովին այլ կարծիքի լինի այն մասին, ինչ արդեն գրել էր ժամեր առաջ.

«Մեզանից յուրաքանչյուրն իր մեջ ունի սահմանափակումներ, որոնք հաստատում է՝ ելնելով սեփական բարոյական և գեղագիտական նորմաներից: Տխուր տպավորություն է, երբ յուրաքանչյուր մարդու արտահայտած միտք կամ խոսք սկսում ենք ընկալել՝ որպես ինչ-որ դասի կամ խավի ներկայացուցչի արտահայտած կարծիք: Իրականում այդպես չէ: Իհարկե, շատ ավելի բարդ է, բայց միաժամանակ՝ անհամեմատ պատվաբեր, երբ դու ներկայացնում ես ինքդ քեզ, որովհետև այդ պարագայում է, որ դու պատասխանատվություն ես կրում սեփական մտքերի ու արտահայտությունների համար»:

Ռուբեն Բաբայանը նկատում է՝ պոեզիայի առաջին հատկությունն անկեղծությունն է. «Ես առհասարակ յուրաքանչյուր մարդուց գերադասում եմ լսել անկեղծ կարծիքներ, որի հետ կարող է և՝ չհամաձայնեմ, բայց միայն այս տարբերակն է, որ ինձ հնարավորություն է տալիս մտնել երկխոսության մեջ: Ինչ վերաբերում է կոնկրետ այն բանաստեղծությանը, որի մասին այսօր խոսում ենք, չեմ կարող ասել, որ պոեզիայի մակարդակից հրճված եմ: Իմ անձնական մոտեցումը կյանքի ու արվեստի հանդեպ (որը, ի դեպ, ես ոչ ոքի չեմ պարտադրում) մշտապես ինչ-որ լույսի տեղ թողնելն է: Ռուսերենով ասած՝ чернуха-ի կողմնակիցը չեմ, երբ ամեն ինչ ասվում է ճակատային դիրքերից: Ես չեմ կարծում, որ պոեզիայի խնդիրը հենց դա է: Բոլոր դեպքերում գոյություն ունի պոետիկ լեզու»:

Կարդացեք նաև

Միաժամանակ Ռուբեն Բաբայանը հիշում է ռուս պոետ Ալ. Պուշկինի խոսքերը՝ արվեստագետին պետք է դատել այն օրենքներով, որն ինքն իր վրա սահմանում է. «Չի կարելի պոետին դատել հասարակության կողմից ընդունված օրենքներով: Այդ դեպքում մենք սարսափելի հետևանքներ կգրանցենք՝ աճեցնելով մի խումբ պոետ կոչեցյալներ, ովքեր առավոտից երեկո կբղավեն՝ կեցցե մեր լուսավոր ներկան և հրաշք հայրենիքը, իրականում հոգում ունենալով տխուր պատկերներ ու սև սարդեր»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն անդրադառնալով իջևանցի երիտասարդ լրագրող Նարինե Չուխուրյանի՝ Իջևանի մասին գրված ակնարկին և դրա արձագանքներին, նկատեց. «Ինձ թվում է՝ մենք բոլորս Սովետական Միության «կոնցլագերից» ենք, և այդ զոնի, շարք կանգնելու ճամբարային մտածողությունը, դժբախտաբար, դեռ շարունակում է պահպանվել: Ցավոք, վերջերս նկատում եմ նաև, որ այս մտածողությունը փոխանցվում է ավելի երիտասարդ սերունդներին: Այն երիտասարդները, որոնք, թվում է՝ ոչ մի կապ չեն ունեցել Սովետի հետ, հանկարծ խոսում են Սովետի լեզվով: Սա շարունակական կոնֆլիկտ է, և, իմ կարծիքով, ոչ միայն սերունդների կռիվ: Պարբերաբար, երբ որևէ տեղում այդ հարաբերական, ճահճային անդորրը որևէ մեկն ակամա կամ նպատակային կերպով խաթարում է, հանկարծ բոլորը խառնվում են իրար: Այս դեպքում հերթական անգամ սրբազան սկզբունք է խախտվել, թե ինչպե՞ս կարող է իջևանցի և այն էլ՝ ջահել աղջիկը համարձակվել իր քաղաքի մասին գրել, թե այնտեղ ջարդված արձաններ կան:

Սա մի փոքրիկ ակնարկ է, որի մեջ մի պարբերությամբ գրված է այն մասին, որ քաղաքում կան ջարդած արձաններ և աղբի կուտակումներ: Արձագանքները մոտավորապես այսպիսին էին՝ օձ ենք տաքացրել մեր գրկում, աղջիկ ջան, դու մեր Իջևանի՞ց ես, թե՞ որտեղից… Աղջկա հասցեին այս տոնայնությամբ քաղաքապետարանի աշխատակիցների ու բազմաթիվ ֆեյք օգտատերերի կողմից հալածանքներ տեղացին, որոնց նկատմամբ պատասխանները, այնուամենայնիվ, եղան շատ հարգալից: Ցանկացած քննադատություն նույնպես կարող է քննադատվել, որովհետև բոլորն ազատ են՝ ունենալու և արտահայտելու իրենց սեփական կարծիքը, սակայն, երբ այդ արձագանքները հատում են ինչ-որ սահման, ապա պետք է իմանալ, որ այդ պահից սկսած երկխոսությունն ուղղակի կդադարի, որովհետև այդ պահից սկսած որևէ առաջընթաց գոյություն ունենալ չի կարող»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս