Անկապ կապերի մասին

Գիտե՞ք՝ ինչ է ցույց տալիս այս գծապատկերը։ Կետագիծն ԱՄՆ-ում պանրի սպառումն է մեկ շնչի հաշվով։ Իսկ սև գիծը այն մարդկանց քանակն է, որոնք մահացել են՝ քնած ժամանակ խճճվելով վերմակի մեջ։ Ի՞նչ կապ կա այս երկուսի միջև։ Իհարկե, կապ չկա։ Չէ, իհարկե, կարելի է պնդել, որ քնած ժամանակ մահացած մարդկանց քանակին համապատասխան՝ կնվազի նաև պանրի սպառումը, սակայն այդ ազդեցությունն այնքան թույլ է և ոչ միանշանակ, որ դժվար է մեկը պայմանավորել մյուսով։ Սակայն կրկին նայեք գծապատկերին. զգո՞ւմ եք՝ ինչ համաչափ են այս երկու երևույթները փոխվել 10 տարվա ընթացքում։ Նայելով գծապատկերին՝ գայթակղություն է առաջանում ասել, որ սրանցից մեկը մյուսի հետևանքն է կամ պատճառը։ Սակայն խելացի մարդիկ այդ գայթակղությանը դիմանում են։

Սա, այսպես ասած, կեղծ կորելյացիայի օրինակ էր։ Նման օրինակները համացանցում բավականին տարածված են։ Օրինակ, լողավազանում խեղդված մարդկանց թիվը և Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ ֆիլմերի քանակը 10 տարվա մեջ այնպես համաչափ են աճել կամ նվազել, որ տպավորություն է ստեղծվում, թե դերասանի մասնակցությամբ յուրաքանչյուր ֆիլմից հետո լողալ չիմացող դիտողների մոտ լողալու ցանկություն է առաջանում։
Ի՞նչ կապ ունի սա մեզ հետ։ Նախ՝ կենցաղային մակարդակով, շատերս ինչ-որ բաներ (հիմնականում՝ անհաջողություններ) պայմանավորում ենք ինչ-ինչ հանգամանքներով։ Օրինակ, եթե պլանավորած գործը չի ստացվում, հիշում ենք, որ առավոտյան տեսել ենք հարևան Պողոսին, որը «վատ աչք» ունի։ Սա, իհարկե, սնահավատություն է և ավելի շատ ինքնարդարացման նպատակ ունի։ Սակայն կան դեպքեր, երբ մենք անկեղծորեն հավատում ենք պատճառին։ Կամ՝ երբ ցանկանում ենք ինչ-որ բան համոզել՝ հօգուտ մեզ։ Դրա մասին անեկդոտ էլ կա, երբ վարսավիրին հարցնում են՝ քաղցկեղն ինչի՞ց է առաջանում, պատասխանում է՝ տանը սափրվելուց։
Կենցաղային մակարդակով այս ամենը բնական է և հասկանալի։ Սակայն անընդունելի է, երբ մասնագիտական մակարդակով են փորձում միմյանց հետ կապել իրար հետ կապ չունեցող կամ քիչ կապ ունեցող երևույթներ։ Օրինակ, 2015 թվականին, երբ Հայաստանից արտահանումը նվազեց, շատերն այն պայմանավորում էին ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ։ Իսկ հետո, երբ կրկին աճեց, կրկին այդ անդամակցությամբ, սակայն՝ արդեն մյուս ճամբարի (ԵԱՏՄ-ին անդամակցելու օգտին արտահայտվողների)։ Իհարկե, ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունն արտաքին առևտրաշրջանառության հետ փոխկապակցված գործոն է, սակայն աճը կամ նվազումը միայն դրանով չի կարելի պայմանավորել, քանի որ կան շատ այլ գործոններ (փոխարժեք, եղանակային պայմաններ և այլն)։

Տնտեսագետները բառերի և ձևակերպումների հարցում բավականին զգույշ են։ Օրինակ, բոլորը գիտեն պահանջարկի օրենքը՝ գնի նվազումը բերում է պահանջարկի ավելացման, և՝ հակառակը։ Սակայն տնտեսագետներն անպայման շեշտում են՝ այլ հավասար պայմանների դեպքում։ Որովհետև, կարող են փոխվել մարդկանց ճաշակը, բնակչության թիվը, տեղի ունենան տեխնոլոգիական փոփոխություններ և այլն։ Բջջային հեռախոսազանգի 1 րոպեի արժեքը վերջին տարիներին անշեղորեն նվազել է, սակայն զանգահարությունների ընդհանուր տևողությունը չի ավելացել, հակառակը՝ կրճատվել է, որովհետև ինտերնետը տարածվել է, և մարդիկ սկսել են օգտվել OTT-ից (Viber, Whatsapp և այլն)։

Պետական պաշտոնյաները և տնտեսական բլոկի պատասխանատուները նման հարցերում ավելի զգուշավոր են և փորձում են անուղղակիորեն կապել երևույթները։

Օրինակ, խոսելով կատարված բարեփոխումների և արտահանման խթանմանն ուղղված քայլերի մասին՝ հընթացս կարող են նշել, որ արտահանումը տպավորիչ աճ է գրանցել։ Իհարկե, բարեփոխումներն ու մյուս քայլերը նպաստել են արտահանման աճին, սակայն միգուցե ավելի շատ դրան նպաստել է պղնձի միջազգային գների աճը, որը ՀՀ կառավարության հետ կապ չունի։

Ցավոք, այս պրակտիկան օգտագործվում է նաև ոչ պետական կառույցների կողմից։ Վերջերս քննարկումներից մեկի ժամանակ բանախոսներից մեկը նշեց՝ զբոսաշրջիկների աճի մասին վկայում է այն հանգամանքը, որ հանրապետությունում աճել է մսի նկատմամբ պահանջարկը (և գինը), ինչպես նաև՝ հագուստի արտադրության ծավալները։ Տրամաբանությունը հասկանալի է՝ ավելի մեծ քանակով տուրիստները Հայաստանում գնել են ավելի շատ հագուստ և հանրային սննդի օբյեկտներում սպառել ավելի շատ մսային սնունդ։

Սակայն մեկը մյուսով պայմանավորելուց առաջ պետք է լիարժեք հետազոտություն կատարել՝ պատասխանելով մի շարք հարցերի, օրինակ՝ Հայաստանում արտադրված հագուստի ո՞ր մասն է գնվում զբոսաշրջիկների կողմից։ Կամ՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ո՞ր մասն է բուսակեր, և այլն։

Ամենատարածված մանիպուլյացիաներից մեկն էլ օգտագործում են Հայաստանում սնկի պես աճած կազմակերպությունները, որոնք զբաղվում են գործարարների վերապատրաստումներով (նորմալ գումարների դիմաց)։ Իրենց դասընթացների արդյունավետությունը ցույց տալու համար նրանք հաճախ հրապարակում են այսպիսի նյութեր՝ X ընկերությունը մեր դասընթացին մասնակցելուց հետո ունեցել է վաճառքի 10% աճ։

Ուղիղ տեքստով չի ասվում, որ աճը պայմանավորված է հենց դասընթացով, սակայն կարդացողի մոտ այդ տպավորությունն է ստեղծվում։ Իսկ միգուցե դասընթացը կապ չունի, պարզապես այդ մարդը կարողացել է ի վերջո լեզու գտնել լուրջ գնորդի հետ։ Կամ միգուցե՝ եթե դասընթացին չմասնակցեր և այդ ժամանակը նվիրեր գործերին, աճն ավելի շատ լիներ։ Կամ ընդհանրապես, միգուցե նախորդ տարի ընկերությունը 20% աճ էր ունեցել, այսինքն՝ դասընթացի արդյունքում աճի տեմպն ընկել է։

Կա նաև հակառակ ծայրահեղությունը՝ երբ մարդիկ չեն հավատում ակնհայտ պատճառահետևանքային կապերին։ Ամենաթարմ օրինակը կարագի թանկացումն է։
Անցյալ տարի ԱՄՆ-ում հրապարակվեցին կարագի սպառման և սրտանոթային հիվանդությունների միջև կապը հերքող գիտական հետազոտության արդյունքները։

Մինչ այդ մասնագետները բարձրաձայնում էին ուղիղ հակառակը՝ պնդելով, որ կարագը բարձրացնում է խոլեստերինը, և պետք է հեռու մնալ այն օգտագործելուց։ Իհարկե, գիտական այս աշխատանքը մեծ արձագանք չէր ստանա, եթե հանրահայտ «Թայմ» ամսագիրը դրա արդյունքը չդարձներ շապիկի լուր՝ հայտարարելով՝ «կարագ կերեք» (Eat Butter)։

Կարագի սպառումը սկսեց կտրուկ աճել աշխարհի շատ երկրներում, արտադրողները չհասցրեցին բավարարել աննախադեպ արագ ավելացող պահանջարկը, և գները սկսեցին թռիչքաձև աճել։ Բնականաբար, դա իր ազդեցությունը թողեց նաև հայաստանյան գների վրա։ Իհարկե, որոշ ժամանակային տարբերությամբ և ոչ նույն չափով (հաշվի առնելով որոշ տնտեսվարողների՝ գերշահույթ ստանալու ձգտումը), սակայն հիմնական պատճառը դա էր։

Սակայն, երբ հունվարի 23-ին ԱԺ-ում կազմակերպված գնաճային լսումների ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խոսեց այս մասին՝ դահլիճում ներկաներից շատերը ծիծաղում էին։ Հետո այդ արտահայտությունը դարձավ մատի փաթաթան, և մամուլն ու սոցիալական ցանցերը սկսեցին հեգնել Արթուր Ջավադյանի խոսքերը։ Այն դեպքում, երբ այդ մասին արդեն մի քանի ամիս գրում են համաշխարհային բոլոր ԶԼՄ-ները։

Տեսանյութեր

Լրահոս