Բաժիններ՝

ՊՆ լրատվական միջոցները միաձուլվում են. ստեղծվում է «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվելու է Պաշտպանության նախարարության «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ՝ միաձուլման ձևով վերակազմակերպելով «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի մեկի նիստի օրակարգում:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՊՆ լրատվական դաշտում առկա խնդիրների լուծմամբ և մասնագիտական գործունեության էական բարեփոխմամբ:

Հիմնավորման համաձայն, «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի գործունեությունն ուղղված է լինելու բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտում պատասխանատու ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը, հավանական հակառակորդի տեղեկատվական ազդեցության գնահատմանը, համացանցում տեղեկատվական ներգործության դիմակայմանը և հասարակության մեջ զինված ուժերի վերաբերյալ դրական կարծիքի ձևավորմանը:

«Ըստ այդմ՝ եթե լրատվական արտադրանք և մշակութային ծրագրեր ապահովող ստորաբաժանումները, մասնավորապես` ««Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» և «Սպայի տուն» պետական հիմնարկները, միավորվեն և գործեն մեկ տարածքում, ապա ռեսուրսի փոխլրացման շնորհիվ կառույցի ամբողջ աշխատանքն առավել արդյունավետ կդառնա։ Այսինքն՝ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի, «Զինուժ» հեռուստածրագրի, «Ասպար» ռադիոծրագրի և ՊՆ պաշտոնական կայքի լրագրողական թիմի աշխատանքը և «Սպայի տուն» պետական հիմնարկի միջոցները և ներուժը հնարավոր կլինի համակարգել միասնական ձևաչափում, և ցանկացած ստորաբաժանման լրագրողի կատարած աշխատանքը հեշտությամբ կօգտագործվի մեկ այլ ստորաբաժանման տեղեկատվական արտադրանքում։ Միասնական լրագրողական թիմի ստեղծումը կենտրոնացված խմբագրման համակարգով, անհամեմատ կհեշտացնի ամբողջ կառույցի աշխատանքը թե՛ բովանդակային, թե՛ օպերատիվության առումով` դրական ազդելով տեղեկատվական արտադրանքի որակի վրա»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս