Mobile World Congress-ին Zangi-ն կներկայանա հեռահաղորդակցման նոր, հեղափոխական տեխնոլոգիաներով
Ինչպես 168.am-ը արդեն պատմել է, հայկական Zangi-ին նախորդ տարի առաջին անգամ մասնակցել էր ՏՏ ոլորտի կարևորագույն միջոցառումներից մեկին՝ Mobile World Congress-ին:
Mobile World Congress-ում հայկական հավելվածը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Հայկական ընկերությունը ներկայացրել էր իր նորությունները: Դեռևս նախորդ տարի Zangi-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանն էլ նշել էր, որ հավելվածն ունի մոտավորապես մեկ միլիոն բաժանորդ, և օրական դրա միջոցով կապ են հաստատում տասնյակ-հազարավոր մարդիկ:
Zangi ընկերությունն այս տարի ևս առանձին տաղավարով կմասնակցի mobile ոլորտի համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսին:
Ցուցահանդեսը տեղի է ունենալու փետրվարի 26-ից մարտի 1-ը Բարսելոնայում։ Հայաստանյան ընկերություններից Zangi-ի միակն է, որ մասնակցելու է որպես ցուցադրող, նմանատիպ մեծամասշտաբ եւ համաշխարհային հեղինակություն վայելող միջոցառմանը։ Zangi-ն ցուցահանդեսին կներկայանա իր նոր հեղափոխական հեռահաղորդակցման տեխնոլոգիաներով, որոնք իրենց ցուցանիշով գերազանցում են հեռահաղորդակցման բնագավառի ամենախոշոր ընկերությունների արտադրանքներին։
«Mobile World Congress-ը հեռահաղորդակցման ոլորտի տարվա կարևորագույն իրադարձությունն է և այն կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ ներուժ ունեցող երկրի: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի հսկաները, նախ որովհետեև մասնակցությունը բավականին թանկարժեք է, իսկ հետո պետք է համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք առաջարկել: Մենք միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունենք և դրա վառ ապացույցն էր նախորդ տարվա մեր մասնակցության արձագանքներն ու համագործակցության բազմաթիվ առաջարկները։ Մենք մարտահրավեր ենք նետում ոլորտի գերհզորներին ու պատրաստ ենք դիմակայել, թե մրցակիցներին և թե շուկայի հետաքրքրությունը»,- մեկնաբանում է Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Zangi-ն հայկական մեսինջեր է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: Իր գործառույթներով հայկական հավելվածը չի զիջում հեղինակավոր Skype կամ Viber մեսինջերներին:
Հայկական հավելվածն առաջարկում է ցածր արագությամբ ինտերնետ կապով աշխատելու հնարավորություն, ունի հարմար և պարզ ինտերֆեյս:
Zangi-ն իր օգտատերերին է առաջարկում նաև յուրահատուկ սթիքերներ, որոնք անվճար է: Դրանց մեջ հատկապես առանձնանում են հայերեն զվարճալի և հետաքրքիր սթիքերները:
Ամենամյա ցուցահանդեսին այս տարի մասնակցելու է ավելի քան 2300 կազմակերպություն, որոնց շարքից կարելի է առանձնացնել հետեւյալ խոշոր եւ հեղինակավոր ընկերությունները՝ MasterCard, Netflix, Facebook, PayPal, Lenovo, Verizon, Cisco Systems, China Mobile, Ericsson, Ford, Google, AT&T, D-Link Corporation, HTC, Huawei, IBM, Intel, LG, Microsoft, NEC, Nokia, Orange, Samsung Electronics, Sony Mobile, Telefónica, Vodafone, ZTE, Twilio և այլն։
Սիրարփի Աղաբաբյան