«Այսպիսի իրավիճակում ակնկալել շուտափույթ լուծում կամ բանակցությունների ինտենսիվ առաջխաղացում, իրատեսական չէ». Սերժ Սարգսյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական և ոչ իրատեսական ակնկալիքներն են բանակցությունների ելքից: ԵԽԽՎ-ում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին: «Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադրբեջանին ազատվել պատրանքներից և գալ իրատեսական դաշտ, ապա կարծում եմ, որ մենք կարճ ժամանակում կարող ենք հասնել մեծ հաջողությունների»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Նա հավելեց, որ ԼՂ հակամարտությունը խոչընդոտում է հակամարտող կողմերի ժողովուրդների զարգացմանը, խլում է մարդկային կյանքեր, մեծ նյութական ռեսուրսներ: «Իսկապես անհրաժեշտություն կա, որպեսզի այս հակամարտությունը լուծվի: Բանակցային գործընթացին խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում: 2016թ. Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ ձեռնարկեց: Դրանից հետո մենք ունեցանք հանդիպումներ` Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, իսկ այնուհետև` Ժնևում: Այդ հանդիպումներին մենք եկանք պայմանավորվածության, որ բանակցությունները շարունակելու լավագույն միջոցը վստահության որոշակի էլեմենտներ ստեղծելն է: Մենք այդ առումով որոշեցինք ստեղծել հրադադարի խախտումների հետաքննման միջազգային մեխանիզմ, ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները և գործիքակազմը, թուլացնել լարվածությունը»,- հիշեցրեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ ամենը տեղի չունեցավ, որովհետև այդ հանդիպումներից անմիջապես հետո ադրբեջանցի ամենաբարձր պաշտոնյաների բերանից հնչեց այն հայտարարությունը, որ դա իրենց հայտարարությունը չէ, որ դրանք համանախագահների հայտարարություններն են, և որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է: «Այսպիսի իրավիճակում, իհարկե, ակնկալել շուտափույթ լուծում կամ բանակցությունների ինտենսիվ առաջխաղացում, իրատեսական չէ»,- եզրափակեց նախագահ Սարգսյանը: