«Ելքն» առաջարկում է ՀՀԿ-ին 18 ստորագրություններ տալ և ապահովել Արտակ Զեյնալյանի առաջադրումը նախագահի պաշտոնում

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կողմից հանդիպման առաջարկի դեպքում «Ելքը» կհանդիպի նրան՝ լսելու, որոշ հարցեր քննարկելու, մտահոգությունները հայտնելու համար։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ այդ հանդիպումը չի անդրադառնա «Ելքի» քվեարկության վրա։

«Նախ՝ «Ելքն» իր սեփական թեկնածուին է փորձել առաջադրել, թեև ֆորմալ առումով դա չստացվեց, որովհետև անհրաժեշտ ստորագրությունների քանակը չհավաքվեց, այնուամենայնիվ, «Ելքը» պետք է շարունակի իր թեկնածուի վերաբերյալ քարոզչությունը»,- ասաց Ա. Միրզոյանը։

Նա նշեց, որ իրենք ընդունում են, որ ՀՀԿ-ի պատմության ծանր բեռն Արմեն Սարգսյանը չի կիսում՝ ո՛չ ընտրությունների կեղծման առումով, ո՛չ այլ սկանդալների, այնուամենայնիվ, նա ՀՀԿ-ի թեկնածուն է, դա բավականին խոսուն է, և «Ելքը» դեմ կքվեարկի։

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ իրականում իրենք կարծում են, որ իրենց թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, շատ առումներով գերադասելի է Արմեն Սարգսյանից։ Նա նշեց, որ, եթե ՀՀԿ-ն այդքան վստահ է, որ իրենց թեկնածուն ամեն ինչով լավն է, իրենց խմբակցությունից կարող են պակասող 18 ստորագրությունները տալ, և գոնե բանավեճ կլինի, իսկ այս պարագայում լինելու է առանց այլընտրանքի, առանց բանավեճի ընտրություն, որը ժողովրդավարությանը դեմ է։

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որպեսզի նախագահի ընտրություններն անցնեն 1 փուլով, իսկ դրա համար անհրաժեշտ է 79 ձայն, և ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ձայները չեն բավականացնում, ընդդիմությունից 14 ձայն է պետք, Արարատ Միրզոյանը նշեց, որ, եթե ՀՀԿ-ՀՅԴ-ն կողմ են քվեարկելու, «Ելքը»՝ դեմ, ուրեմն այդ բացը կլրացնեն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Տեսանյութեր

Լրահոս