«ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը». Կարեն Կարապետյան

 Վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ 2017 թ. ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են եղել սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործության անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար ներկրման և արտահանման ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը: ՍԱՊԾ-ն նախաձեռնել և փուլային հաջորդականությամբ սկսել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք անհրաժեշտ էին Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգի արդյունավետ գործունեության ապահովման համար:

Դրանք են՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցումը, տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումը, թվայնացումը և տեղեկատվական բազաների ձևավորումը, սահմանային հսկողության գործընթացների պարզեցումն ու հստակեցումը, լաբորատոր կարողությունների զարգացումը, ռիսկերի գնահատման մոդելի մշակումը և փուլային ներդրումը, ռեյթինգավորման համակարգի մշակումն ու ներդրումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրումը, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը և մոնիթորինգային ծրագրերի իրականացումը:

Մինչ ծրագրերի կատարմանն անդրադառնալը՝ ՍԱՊԾ պետը վարչապետին ներկայացրել է 2017 թ. վերահսկողության արդյունքները և ցուցանիշները. սննդային թունավորման զանգվածային դեպքեր չեն գրանցվել, կայուն անասնահամաճարակային վիճակ է եղել, կարանտին վնասակար օրգանիզմների նոր օջախներ չեն հայտնաբերվել: Ծառայությունը ձևավորել է սննդի շղթայի օպերատորների բազա՝ վերահսկողությունն ավելի նպատակային իրականացնելու համար. 16 անգամ աճել է ՍԱՊԾ տեղեկատվական բազայում գրանցված սննդի շղթայի օպերատորների թիվը՝ 855-ից (2016 թ.) հասնելով 13794-ի (2017 թ.), 3 անգամ ավելացել է թեժ գծով ստացված բողոքների քանակը: Իրականացվել է ավելի քան 1300 պետական վերահսկողական միջոցառում՝ 717 ստուգում, 608 դիտարկում և 84 մշտադիտարկում, որոնց արդյունքում, ՍԱՊԾ պետի խոսքով, արձանագրվել են շոշափելի բարեփոխումներ վերահսկողություն անցած թիրախային ոլորտներում և արտադրություններում: Ընդ որում, պետական վերահսկողությունն իրականացվել է հետևյալ մոտեցմամբ՝ խորհրդատվություն, ժամանակի տրամադրում իրավիճակը շտկելու համար, հետո միայն՝ վարչական պատասխանատվության կիրառում:

Անցնելով ծրագրերի արդյունքների ներկայացմանը՝ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցման ծրագրի շրջանակում գնահատվել է անհրաժեշտ սպանդանոցների քանակը և առանձնացվել է չորս տիպ: Իրականացվել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը, որի շրջանակում այսօր առկա է 18 սպանդանոց, նոր շահագործման է հանձնվել 2-ը,  կառուցման փուլում է 21-ը: Բացի այդ, 30-40 անհատ նոր սպանդանոց կառուցելու ցանկություն է հայտնել, արդյունքում ակնկալվում է ունենալ 71 սպանդանոց: Սպանդանոցային մորթին զուգահեռ խստացվել է վերահսկողությունը մսի շուկայում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, ուղեկցող փաստաթղթերի, անասնաբուժասանիտարական փորձաքննության նկատմամբ:

Սահմանվել է սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը, սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և ժամանակացույցը, ըստ որի՝ իրականացվում է տրանսպորտային միջոցների փուլային անձնագրավորում: ՍԱՊԾ-ն տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումն սկսել է 2017թ. օգոստոսի 1-ից, Երևանում և մարզերում սանիտարական անձնագիր է տրամադրվել 569 հաց-հացաբուլկեղեն և 124 միս-մսամթերք տեղափոխող  փոխադրամիջոցներին:

Թվայնացման և տեղեկատվական բազաների ձևավորման առումով իրականացվել է ՀՀ արտաքին առևտրի «մեկ պատուհանի» ներդրում, սանիտարական անձնագրերի էլեկտրոնային հաշվառում, վերահսկողության էլեկտրոնային հաշվառում, սննդի շղթայի օպերատորների էլեկտրոնային գրանցում, ներմուծվող բեռների ռիսկայնության ավտոմատացված հաշվարկող համակարգի ներդրում, սպանդանոցային ծագման մթերքների սերտիֆիկատների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում և այլն: Ծառայության էլեկտրոնային կառավարման միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները կշարունակվեն նաև 2018 թվականին: Կարևորելով ծառայությունում թվայնացման գործընթացի շարունակական իրականացումը՝ կառավարության ղեկավարը նշել է.

«Երբ ստուգումների քանակը շատանում է, որոնք իրականացվում են «խորհրդատվություն, ժամանակ, հետո՝ վարչական միջոցառումներ» շղթայի  տրամաբանությամբ, եթե տեղեկատվական բազան ստեղծեք, վիճակագրությունն ունենաք և հետո դասակարգեք բիզնես շղթայի մասնակիցներին, հստակ իմանալու եք՝ ում է պետք տարին մեկ անգամ ստուգել, ում՝ 2 ամիսը մեկ անգամ, ում կարելի է 2 տարին մեկ անգամ ստուգել, որովհետև օրինապահ է:

Այդ վիճակագրությունը, յուրաքանչյուրի համար առանձին պատմություն ունենալը չափազանց կարևոր աշխատանք է: Ու նաև պետք է հասկանալ, թե թվային սննդանվտանգության համակարգը ներմուծելով, որքանո՞վ է հեշտացել բիզնեսի կյանքը, որքանո՞վ է կրճատվել շփումը: Այդ դիտարկումները ռեգուլյար պետք է  լինեն»:

Զեկուցվել է, որ սահմանային հսկողության գործընթանցերի պարզեցման և հստակեցման շրջանակում իրականացվել են համակարգված ու կենտրոնացված ծառայություններ, կրճատվել են ծառայությունների մատուցման ժամկետները, նվազեցվել է վարչարարությունը: ՀՀ մաքսային կետերում «մեկ պատուհան» սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունն էապես պարզեցվել է, ինչպես նաև մշակվել են «Վերին Լարս» անցակետով պարզեցված ընթացակարգով և վարչարարությամբ արտահանման արդյունավետ մեխանիզմներ:

Սննդամթերքի անվտանգության լաբորատորիան ավարտել է ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացը և այժմ ՀՀ պետական միակ միջազգային հավատարմագրված լաբորատորիան է, ինչը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ում գործող կազմակերպություններին լաբորատորիայի եզրակացության հիման վրա ապրանքներ արտահանել ոչ միայն ԵԱՏՄ երկրներ, այլև դեպի արտաքին այլ շուկաներ:  Գործարկվել է Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիան, ինչպես նաև անասնաբուժական նոր լաբորատորիան, վերանորոգվել են մարզային 7 կենտրոններ:

Մշակվել է ռիսկերի գնահատման մոդելի՝ ՀՀ-ում ներդրման հայեցակարգային փաստաթուղթը, ՄԱԿ ՊԳԿ-ի աջակցությամբ նախաձեռնվել է ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում ՀՀ կարողությունները գնահատելու գործընթացը: Մշակվել են հանրապետությունում կենդանիների համարակալման, նույնականացման և գրանցման ծրագիրը և սննդամթերքի դասակարգման ու սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման հայեցակարգը:

Աշխատանք է տարվում սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրման, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: 2018 թ. նախատեսվում է  լայնածավալ մոնիթորինգային ծրագրերի իրականացնել կենդանիների վարակիչ 2 հիվանդությունների անասնաբուժական հսկողության, կենդանական և բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ոլորտներում:

ՍԱՊԾ պետը նշել է, որ հաշվետու տարում իրականացված ծրագրերն ու միջոցառումները շարունակվելու են նաև 2018 թվականին:

Վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2018 թ. գործունեության առաջնահերթություններին, հանձնարարել է հետևողական աշխատել թե´ ներքին, թե´ արտաքին շուկայում սննդամթերքի անվտանգության ոլորտում   արդյունքներ արձանագրելու համար:

«Փորձեք հետազոտել, թե ինչ ազդակներ է պետք ուղարկել աշխարհին և ինչ ձևով են իրենք մշտադիտարկում անում և հրապարակում, որպեսզի երկրի ծագման նկատմամբ վստահություն լինի: Մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության, անասնապահության ոլորտում: Ձեր ծառայությունը չափազանց կարևոր է, որպեսզի բիզնեսը չխեղդենք:

Եվ բացի նրանից, որ մենք իրականում պարտավոր ենք մեր քաղաքացիներին ձեր աշխատանքով երաշխավորել, որ եթե իրենք, օրինակ, թթվասեր են գնում կամ մեկ այլ բան, հավատացած լինեն, որ ծառայություն կա, որ իրենց շահերը պաշտպանում է, և բիզնեսը գերշահույթ կամ այլ շահույթ ստանալու համար չի խախտում այդ նորմերը: Բայց բացի դրանից, չափազանց կարևոր գործառույթ է, որ դուք բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծեք, որ կարողանա շուկաներ մտնել», – նշել է կառավարության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս