«Հայաստանի Ֆրանսիական համալսարանում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ կբացվի». դեսպան Ջոնաթան Լաքոտ
«Մեր նպատակն է՝ ներկայացնել ձեզ 2018 թվականի համար նախատեսված կրթական երկու մեծ նախագծերի մասին»,- մեկնարկելով այսօր Հայաստանում ֆրանսիական դեսպանատան հրավիրած մամուլի ասուլիսը՝ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտը:
Ասուլիսին մասնակցում էին նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, ով ներկայացնում էր ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը (ԻԿՄ), ինչպես նաև Ֆրանսիական միջազգային դպրոցի տնօրեն Մարտեն Բեկերը, ով ներկայացրեց լիցեյի նախապատրաստական նոր փուլը, որը թեկնածուներ կպատրաստի ՀՖՀ-ի ԻԿՄ ֆակուլտետի համար:
«2018 թվականի նոր ուսումնական տարվանից Հայաստանում Ֆրանսիական համալսարանին առընթեր բացվում է նոր՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Կրթական ոլորտում երկրորդ մեծ փոփոխությունը, որ գալիս է լրացնելու առաջին ծրագրին՝ այս անգամ ֆրանսիական դպրոցին առընթեր է, որի նպատակն է՝ հետագայում ավելի դյուրացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ընդունելությունը:
Ի գիտություն բոլորի՝ ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանն ու Ֆրանսիական դպրոցը տեղում ֆրանսիական ուսուցում կազմակերպող և անցկացնող առայժմ երկու միակ պաշտոնական կրթական կառույցներն են: Ուսումնառության ավարտին տրամադրվում են ֆրանսիական դիպլոմներ, և այս առումով և՛ համալսարանը, և՛ դպրոցը Հայաստանում ֆրանսերենի առաջխաղացման կարևորագույն երկու դերակատարներն են:
Սրանք Հայաստանի կրթական համակարգի զարգացման գործի ակտիվ մասնակիցներն ու կարևորագույն և խոշոր դերակատարներից մեկն են»,- հայտարարեց պարոն Լաքոտը և հավելեց՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավելի քան 80 տոկոսն ունի մշտական աշխատանք, նրանց ավելի քան 90 տոկոսն ուսումնառությունից հետո շարունակում է մնալ Հայաստանում, իսկ Ֆրանսիական դպրոցի աշակերտների 40 տոկոսից ավելին տեղաբնակ հայեր են:
Ժան-Մարկ Լավեստը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գլխավոր նպատակներից մեկը ուսումնառությունից հետո շրջանավարտներին համապատասխան աշխատանքով ապահովելն է.
«Մենք չէին կարող նախաձեռնել նոր ֆակուլտետի բացումն առանց լավագույնս ուսումնասիրելու համապատասխան շուկայում տիրող իրավիճակը: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բացումը ծառայելու է նաև Հայաստանի զարգացմանը: Ես չեմ, որ գնահատում եմ, այլ առաջին հերթին՝ միջազգային կառույցները՝ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման հստակ միտումներ է գրանցում: Տասը տարի անց այս ոլորտը դառնալու է Հայաստանի զարգացման կարևորագույն առանցքներից մեկը:
Վիճակագրական հետազոտությունները ցույց են տալիս, որ տասը տարուց հետո Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 20 տոկոսը կկազմեն հենց այս ոլորտից եկած եկամուտները: Պետք է նշել նաև, որ Հայաստանում այս ոլորտի ոչ բոլոր աշխատատեղերն են զբաղեցված՝ տարեկան 2000 աշխատատեղ այս ոլորտում մնում է թափուր, և սա էր մեր հիմնական պատճառներից մեկը, որ Ֆրանսիական համալսարանում որոշեցինք բացել այս նոր ֆակուլտետը»:
Ժան-Մարկ Լավեստը բացվող նոր ֆակուլտետի մասին մանրամասնեց՝ այս ֆակուլտետի ուսանողները, ինչպես նաև մնացած ֆակուլտետներում սովորողները, ուսման ավարտին կստանան երկու՝ հայկական և ֆրանսիական պետական նմուշի դիպլոմ: Նոր ֆակուլտետի գծով ակադեմիական գործընկերը կլինի Թուլուզի ինֆորմատիկայի համալսարանը, որը Ֆրանսիայում այս ոլորտի ամենազարգացած քաղաքներից մեկն է: Ինչպես Ֆրանսիական համալսարանի բոլոր ուսանողները, նոր ֆակուլտետ ընդունվողները նույնպես հնարավորություն կունենան չորրորդ կուրսի մասնագիտական պրակտիկան անցկացնել Ֆրանսիայի Հանրապետությունում:
Նախագծերի կառավարման ոլորտում ստեղծվող նոր ֆակուլտետը կհամագործակցի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ: Նոր՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ 2018 թվականին նախատեսվում է ընդունել 50 ուսանող, հաջորդ տարիների համար ֆակուլտետում ուսումնառություն ստանալ ցանկացող ուսանողների թիվը կհասնի մինչև 100-ի: Նոր ֆակուլտետ ընդունվել ցանկացող ուսանողները պետք է հանձնեն երկու քննություն՝ խորացված մաթեմատիկա և օտար լեզու առարկաներից:
Ընդ որում՝ Ֆրանսիական համալսարան ընդունվելու համար ֆրանսերեն լեզվի իմացությունը պարտադիր չէ: Ուսումնառության ընթացքում բուհի ներսում գործող ինտենսիվ դասընթացը գալիս է լրացնելու ֆրանսերեն լեզվի չիմացության բացը:
Ֆրանսիական միջազգային դպրոցի տնօրեն Մարտեն Բեկերն անդրադառնալով լիցեյի նախապատրաստական նոր փուլի ծրագրերին՝ մանրամասնեց.
«2017 թվականին ՀՀ ԿԳՆ-ն՝ Ֆրանսիական համալարանի հետ միասին, կնքել է համաձայնագիր, որի հիման վրա Ֆրանսիական միջազգային դպրոցն ավագ դասարանների համար կբացի հայկական բաժին, որը կօգնի աշակերտներին ավելի պատրաստված ներկայանալ արդեն համալսարանական ընդունելության քննություններին՝ ունենալով հայկական ավագ դպրոցի կրթական ծրագրին համապատասխան՝ 10-12-րդ դասարանների համապատասխան կրթություն: Դպրոց ընդունվելու համար պետք է դիմել ընթացիկ տարվա մարտ-մայիս ամիսների ընթացքում: Ֆրանսերեն լեզվի իմացությունը պարտադիր չէ, քննություն նախատեսվում է միայն մաթեմատիկա առարկայից:
Դպրոցում կլինեն ֆրանսերեն լեզվի խորոցված դասաժամեր, ինչպես նաև դասաժամեր՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների համար: Ուսումնառության ավարտին Ֆրանսիական միջազգային դպրոցի աշակերտները կհանձնեն քննություններ, որոնք համապատասխանում են հայկական միջնակարգ դպրոցի ավարտական ատեստատին՝ ստանալով հայկական ատեստատ, որ նրանց հնարավորություն կտա ընդունվելու ցանկացած, այդ թվում նաև՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարան: Ֆրանսիական միջազգային դպրոցի ուսման վարձը կազմում է տարեկան 650.000 դրամ»:
Տեղեկացնենք, որ Հայաստանի միջազգային Ֆրանսիական միջազգային դպրոցում (ՀՄՖԴ) մանկապարտեզից մինչև ավարտական դասարան սովորում է 182 աշակերտ: Ուսուցումն իրականացվում է ֆրանսերենով, ըստ Ֆրանսիայի ազգային կրթության նախարարության պաշտոնական ծրագրերի:
Դպրոցն արտերկրում ֆրանսերենի դասավանդման գործակալության համաշխարհային ցանցի (350.000 աշակերտ, աշխարհի 492 դպրոցական հաստատություն՝ 137 երկրներում) անդամ է: Դպրոցի աշակերտների 44 տոկոսը՝ ֆրանսիացի, 40.6 տոկոսը՝ հայ, իսկ 15.4 տոկոսն այլազգի աշակերտներ են: