Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին
Երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 27-ին: Այդ օրը Հայաստանում մի շարք միջոցառումներ են սպասվում: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրուցել է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Այդ գեղեցիկ օրվա հիմնական և ամենակարևոր արարողությունը սուրբ պատարագն է, որը մատուցվելու է ոչ միայն Սուրբ Սարգսի անունը կրող, այլև այլ եկեղեցիներում: Վեհափառ Հայրապետի արտոնմամբ, Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի մասունքակիր աջը կբերվի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի. բոլոր հավատացյալները կարող են առավոտից մինչ երեկո գալ եկեղեցի, խոնարհվել աջի առաջ և ստանալ սրբի բարեխոսությունը»,- նշեց Արթենյանը:
Հունվարի 27-ին տեղի կունենա ավանդական դարձած խաչերթը, որին կմասնակցեն հավատացյալներ, երիտասարդներ, զինվորականներ: Սիրահարների այգում տոնական մեծ համերգ կանցկացվի, երեկոյան Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում զինվորների օրհնության կարգ կկատարվի, ապա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ կպարգևատրվեն սահմանագծում ծառայության ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զինվորները:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ` ժողովրդական սովորույթներով: Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:
Սբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։
Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդուն, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։