Բաժիններ՝

«Գերատեսչությունները պետք է իմանան, որ, եթե անպատասխան թողնեն լրագրողի հարցը, ապա գործը կգնա դատարան». Լիանա Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ Լիանա Դոյդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Տեղեկատվության ազատության ոլորտի 2017թ. ամփոփումը, խոսեց ձեռքբերումների ու թերացումների մասին:

Անդրադառնալով նախևառաջ ոլորտի առջև ծառացած խնդիրներին, բանախոսն առանձնացնում է՝ առաջին հերթին՝ դրանք կապված են էլեկտրոնային հարցումների հետ.

«Շատ լրագրողներ նույնիսկ մեր կազմակերպությանն են դիմում՝ նշելով, որ շատ գերատեսչություններ հրաժարվում են պատասխանել էլեկտրոնային փոստով ուղարկված հարցումներին, պատճառաբանելով, որ կայքում կա համապատասխան բաժին, որտեղ պետք է նույնականացման քարտով գրանցվել, հետո նոր միայն ուղարկել հարցումը: Օրինակ, Ազգային անվտանգության կայքում հենց այդպես էլ նշված է, նույնիսկ կառավարության կայքում է այդպես՝ պատճառաբանելով, թե էլեկտրոնային հարցումները չեն կարող համարվել պաշտոնական, եթե այն ուղարկված է առանց նույնականացման քարտով, կամ այլ՝ անձը հաստատող փաստաթղթով»:

Լ. Դոյդոյանը նկատում է՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր գերատեսչությունները հետևում են այս բացասական երևույթին, որը, սակայն, հակասում է դեռևս 2015 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված Կառավարության 12.04 M որոշմանը, որով էլեկտրոնային հարցումները հավասարեցվել են գրավոր հարցումներին:

Բանախոսը նկատում է՝ 2017 թվականի դիտարկումները վկայում են նաև, որ քչացել են լուռ մերժումները, սակայն լրագրողների հարցումներին ի պատասխան՝ տրվում են ոչ լիարժեք, լղոզված, թերի պատասխաններ, որ հավասարազոր է չպատասխանելուն, որը նաև ստիպում է լրագրողին կրկնակի դիմել հարցվող կողմին՝ բարդացնելով սեփական աշխատանքը:

Հարցման 30-օրյա ժամկետի վերաբերյալ Լիանա Դոյդոյանն առանձնացնում է.

«Վերջերս դիմել էինք բոլոր նախարարություններին՝ տրամադրելու տեղեկատվություն՝ 2017 թվականի դրամաշնորհների ընթացքի վերաբերյալ: Սա հանձնառություն է, որը կառավարությունը ստանձնել է Բաց կառավարության գործընկերության ծրագրի շրջանակներում գործողությունների պլանում և որով պարտավորվում է հրապարակել վերոհիշյալ տեղեկատվությունը: Թվում էր, թե ըստ օրենքի պահանջի՝ տեղեկատվությունը պետք է արդեն իսկ հրապարակված լիներ, և կարիք էլ չլիներ սպասելու նույնիսկ հնգօրյա ժամկետին, բայց, օրինակ, Արդարադատության նախարարությունը մեզ տեղեկացրեց, որ վերոհիշյալ ինֆորմացիայի տրամադրման համար իրենց 30-օրյա ժամկետ է պետք, որը առնվազն զավեշտալի է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ որոշումը մշակել էր հենց այդ գերատեսչությունը: Մնացյալ բոլոր գերատեսչությունները հարցմանը պատասխանեցին ուշացումով, իսկ մեծ մասն ուղղակի տեղեկացրեց, որ իրենք չեն իրականացրել վերոհիշյալ հանձնառությունը»:

Լիանա Դոյդոյանը լրագրողներին կոչ արեց պարբերաբար հետամուտ լինել իրենց ուղարկած հարցումներին և չսպասել նույնիսկ 30-օրյա ժամկետի լրացմանը, իսկ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվություն ստանալու պարագայում՝ հատկապես:

Անդրադառնալով Սև ցուցակների խնդրին, բանախոսը նկատում է.

«Եթե ծանոթ եք մեր տարեկան ամփոփման սև ցուցակին, ապա նկատած կլինեք, որ այս տարվանից սկսած մենք այդ ցուցակում նշում ենք տեղեկատվության ազատության պատասխանատուների անունները, մինչդեռ նախկինում գերատեսչության ղեկավարների անուններն էին: Սև ցուցակում մենք ներառում ենք միայն չպատասխանված գերատեսչություններին: Այստեղ ցավով պետք է նշեմ, որ այս ցուցակում հետընթաց է գրանցել Կառավարության աշխատակազմը՝ չպատասխանելով միանգամից երկու հարցումների: Սա բացասական միտում է նախկինում շատ արագ արձագանքող այս մարմնի համար: Ստացվում է, որ Կառավարության աշխատակազմից մենք վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե պատասխան կամ արձագանք չենք ստացել, իսկ հարցումները վերաբերում էին արդեն հիշատակածս դրամաշնորհների և պաշտոնական մեքենաների թեմաներին: Որպես բացասական միտում՝ պետք է գրանցել նաև այն, որ նկատելի շատացել են նաև ուշացումները, չպահպանելով հնգօրյա ժամկետը՝ նույնիսկ էլեկտրոնային հորցումների պարագայում»:

Բանախոսն ընդգծում է՝ կարևոր և միաժամանակ բացասական միտում է նաև պրոակտիվ հրապարակումը.

«Թափանցիկության տեսանկյունից գերատեսչությունները սեփական նախաձեռնությամբ պաշտոնական կայքերում պետք է հրապարակեն ցանկացած կարևոր որոշում և տեղեկատվություն, որը կնպաստի հանրային մասնակցությանն ու բաց կառավարմանը: Եթե Կառավարության աշխատակազմն իր կայքում չի հրապարակում նույնիսկ օրենքով պարտադիր հրապարակման ենթակա 13 խումբ տեղեկությունները, ապա այս ամենը ձևական բնույթ է ստանում: Մեր կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ 13 խումբ տեղեկությունները գերատեսչությունների պաշտոնական կայքերում հիմնականում լիարժեք կերպով հրապարակված չեն՝ հատկապես հաստիքացուցակների մասին տեղեկությունները և բյուջեն, դրա կատարողականն ու հաշվետվությունը»:

Անդարադառնալով նաև խոսքի ազատության թեմային, բանախոսը նկատում է՝ սա մեծապես կապվում է տեղեկատվության ազատության խնդիրների հետ.

«Ակնհայտ է, և տարբեր առիթներով այս մասին իմ գոծընկերներն էլ բարձրաձայնել են, որ այս ոլորտում Հայաստանը նախորդ տարիների համեմատությամբ հետընթաց է գրանցել: Սա վկայում է այն մասին, որ խոսքերը կան, բայց քաղաքական կամք այդպես էլ չի դրսևորվում: Շատ պարզ հարցերում թափանցիկության խնդիրը հետին պլան է մղվում»:

Տեղեկատվության ազատության ոլորտի, այդ թվում՝ նաև ինֆորմացիայի տրամադրման պրոցեսում խախտված իրավունքները լրագրողները կարող են վիճարկել դատարանում.

«Չպատասխանելու դեպքում ամենաարդյունավետ միջոցը դատական կարգով հարցը վիճարկելն է: Եթե անգամ լրագրողը ժամանակ կամ մեծ ցանկություն չունի հայտնվելու այդ, ինչ խոսք, տհաճ պրոցեսի մեջ, մեր կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում նմանօրինակ հայցերով միասին մտնելու դատարան, որպեսզի կարողանանք միացյալ ուժերով կանխել այդ դեպքերը: Գերատեսչությունները պետք է իմանան, որ, եթե անպատասխան թողնեն լրագրողի հարցը, ապա գործը կգնա դատարան: Պետք է նշեմ նաև, որ լրագրողների կողմից մինչ այս ներկայացված դատական հայցերի 75 տոկոսը բավարարվել է հօգուտ լրագրողի»:

 Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս