«Լավ է ուշ, քան՝ երբեք». Արծվիկ Մինասյանը՝ «Ելքի» և կառավարության համագործակցության մասին
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության ներկայացրած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ օրենքների նախագծերի փաթեթը միտված է վտանգավոր թափոնների գործածության կարգավորմանն այնպես, որ կարողանան տնտեսվարողների համար դաշտը բարելավել. «Այս նախագծով մենք թեթևացնում ենք տնտեսվարող ընկերությունների լիցենզիա հանելու հնարավորությունները, և մյուս կողմից՝ պետական տուրքի գումարը պակասեցնում ենք»:
Նախագծի հարակից զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նույնպես դրական գնահատեց օրենքի նախագիծը. «Սա նաև հնարավորություն է տալիս աշխուժացնելու դաշտը, տնտեսվարող ընկերություններն ավելի հեշտությամբ կստանան թույլտվություն ու իրենց գործունեությունը կծավալեն. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել, սա լավ օրինակներից մեկն է, որ կառավարությունը և ընդդիմադիր գործընկերները կարողացան համատեղ ուժերով օրենսդրական փոփոխություն իրականացնել»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց՝ եթե «Ելքը» չնախաձեռներ, նախարարությունը չէ՞ր նախաձեռնելու այս փոփոխությունը. «Ինչո՞ւ ուշացումով արեցիք սա»:
«Սա այն ակնհայտ իրողություններից է, որ փոխանակ դրականը գնահատենք, փորձում ենք կառավարության գործունեության մեջ ինչ-որ բացասական բան տեսնել: Նախորդ խորհրդարանի ժամանակ էլ է պարոն Մարուքյանն առաջարկել, ու տարբեր պատճառներով ձգձգվել է, բայց շատ կարևոր է, որ, ի վերջո, այն կյանքի կոչվեց: Լավ է ուշ, քան՝ երբեք»,-արձագանքեց նախարարը: