Բաժիններ՝

«Կառավարությունն ասում է՝ «կացինս բերեմ՝ ծառը կտրեմ»». ԱԺ-ում «Չարի վերջը» հիշեցին

Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 23-ին գնաճը մեղմելու թեմայով ԱԺ-ում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ: ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անիմաստ որակեց այդ լսումների կազմակերպումը՝ ասելով.

«Այնպիսի տպավորություն է՝ իբր ՀՀԿ-ական մեծամասնությունը և իշխանությունները նոր են իմացել, որ նման թանկացումներ են լինելու, ու ուզում են ինչ-որ բաներ նախաձեռնել: Ամբողջ 2017 թվականին խոսել ենք, որ հուվարի 1-ից թանկացումներ են լինելու: Որտեղի՞ց են ձեր զարմանքները: Կածում եմ՝ անիմաստ է այս լսումները կազմակերպելը, դա գազը բաց թողնելու ինչ-որ միջոցառում է լինելու, մինչդեռ պետք է Հարկային օրենսգիրքը մտցնել ԱԺ և փոփոխել»:

Է. Մարուքյանը կոչ արեց հունվարի 19-ին դուրս գալ փողոց և «Ելք» դաշինքի հետ պայքարել թանկացումների դեմ:

Նույն խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ արդեն հրապարակաված պաշտոնական թվերը ցույց են տվել, որ մենք ունեցել ենք «սարսափելի» թվերի գնաճ.

«Կարագը թանկացել է 41 տոկոսով, խոզի միսը՝ 38, լոլիկը՝ 31, գառան միսը՝ 28, կարտոֆիլը՝ 28, ձուկը՝ 23, տավարի միսը՝ 17, դիզելային վառելիքը՝ 18, բենզինը՝ 18 և այլն: Հունվարի 1-ին՝ Հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո այս գնաճը նոր տեմպ ու թափ է ստացել, սա շղթայական ձևով բերելու է բոլոր ապրանքների գնաճի:

Մենք կարող ենք հասնել նրան, որ մեր գնաճը կհասնի 20-30 տոկոսի: Խորհրդարանական մեծամասնությունը չի գնալու զիջումների, քանի դեռ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս չեն եկել փողոց և իրենց պահանջը չեն ձևակերպել»:

«Ելք»-ի մեկ այլ պատգամավոր Արամ Սարգսյանն էլ հիշեց «Չարի վերջը» հեքիաթը. «Երբ խորանում ես այս օրենքի մեջ, հասկանում ես, որ այս կառավարությունը «Չարի վերջի» համապատասխան հերոսի նման կացինը վերցրել, կանգնել է այս պետության գլխին, ու այն ոլորտներում, որտեղ թեթևակի աճ է տեսնում, ասում է՝ «կացինս բերեմ՝ ծառը կտրեմ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս