«Այստեղ առնվազն ոչ ճիշտ խոսելու խնդիր եմ տեսնում ԱԳ փոխնախարարի կողմից». Հայկակ Արշամյան

«Գործնականում այդ խնդիրը միշտ է եղել՝ թե՛ դիվանագիտական անձնագրերի, թե՛ դիվանագիտական պետավտոհամարանիշերի պահով։ Խոսքը գնում է հատկապես ԱՊՀ երկրներում գտնվող մեր դիվանագիտական ներկայացուցչությունների մասին, որ տարբեր ժամանակներում բազմաթիվ նման դիվանագիտական համարներ են շնորհվել բիզնեսի ոլորտի մարդկանց, որոնք ընդհանրապես կապ չունեն դիվանագիտության հետ, ուղղակի զուտ հովանավորչության կամ զուտ այդ դիվանագիտական համարներն օգտագործելու միջոցով լավություն է արվել լավության դիմաց»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ջատագովության և հաղորդակցության համակարգող, պատմական գիտությունների թեկնածու, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչ Հայկակ Արշամյանը՝ անդրադառնալով քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոնի)՝ ԱԳ նախարարի խորհրդական լինելու, դիվանագիտական անձնագիր ունենալու և  դեսպանատան համարներով մեքենայով շրջելու երևույթին։

Ինչ վերաբերում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե դիվանագիտական անձնագիրը ետ վերցնելու մեխանիզմը հստակ չէ, Հ. Արշամյանը նշեց, որ դա մի քիչ ոչ գրագետ է, քանի որ, եթե ԱԳՆ-ն ցանկանում է ետ վերցնել որևէ մեկից դիվանագիտական անձնագիրը, նրան տեղեկացնում է անձնագիրը հանձնելու մասին՝ սահմանելով որոշակի ժամկետ, եթե չի վերադարձնում, ապա այդ անձնագիրը չեղյալ է համարվում, և ամբողջ միջազգային ցանցով այդ անձնագրի համարը տարածվում է, ցանկացած անցակետում հնարավոր է ստուգել.

«Այստեղ առնվազն ոչ ճիշտ խոսելու խնդիր եմ տեսնում ԱԳ փոխնախարարի կողմից, և, երկրորդը, փոխնախարարի մակարդակով այդ հարցը լղոզելու, սվաղելու փորձ։ Քոչարյանը նաև պարզ ասել է, որ Սոչիի հայ համայնքում որոշակի հարցեր է լուծում, այսինքն՝ դրսում զոն նայողի կարգավիճակ ունի, և այդ կարգավիճակը ճանաչվում է մեր իշխանությունների, այդ թվում՝ ԱԳՆ-ի կողմից, ինչը շատ ամոթ է»։

Թե ինչպե՞ս է դիտարկվում ստեղծված իրավիճակը ՀՀ իշխանությունների հայտարարած բարեփոխումների համատեքստում, Հ.Արշամյանը նշեց, որ բարեփոխումներին զուգընթաց, այսպես թե այնպես, քրեական աշխարհը հովանավորվում է իշխանության կողմից, որովհետև այդ քրեական աշխարհը տարբեր առիթներով օգտագործելի է և ավելի հեշտ վերահսկելի՝ թե՛ ընտրությունների ժամանակ, թե՛ որոշակի գումարներ ինչ-որ ճանապարհներով հայթայթելու, թե ներդրումներ կատարելու ժամանակ, և այլն։

Փորձագետը չհամաձայնեց, որ իշխանությունը կախված է քրեական աշխարհից.

«Իշխանությունն է կախվածության մեջ դնում քրեական աշխարհին, որից հետո իրենք դառնում են փոխկապակցված։ Եթե իշխանությունը կամք դրսևորի, այդ քրեական աշխարհը 1-2 օրվա ընթացքում ուղղակի կվերանա, ինչպես դա ժամանակին՝ 90-ականներին, արվեց Վանո Սիրադեղյանի կողմից»։

Հիշեցնենք, որ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Թաթուլյանի մասին հայտարարել է, թե մարդկանց պետք է նախ բազմակողմանի դիտարկել, «ինքը նաև դրական դեր էլ է կատարում, վերջիվերջո, Սոչիում կա հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաև համայնքի հետ կապված, ինքը շատ հաճախ էդ խնդիրը կարողանում է…»:

ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ նա այլևս նախարարի խորհրդական չէ, բացի այդ էլ, եղել է արտահաստիքային խորհրդական:

Տեսանյութեր

Լրահոս