Բաժիններ՝

«Վստահ եղեք, մենք ունենալու ենք չտեսնված լավ երկիր». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ:

«Պատիվ և հնարավորություն ունեմ դիմել ձեզ Նոր տարվա և Սուրբ ծնունդի շնորհավորանքներով: Ցանկանում եմ ձեր ընտանիքներում տարին լինի երջանիկ, ջերմ, սիրով և համերաշխությամբ լի:

Ինչպես ընդունված է՝ նոր տարի մտնելիս ամփոփում ենք անցնող տարին: Տնտեսությունը բնութագրող տարեկան արդյունքները լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին և դրական տարբերվող՝ տարածաշրջանի շատ երկրներից: Երկրի առջև կանգնած բոլոր խնդիրները լուծելու համար մենք պետք է տարին տարվա վրա ամեն օր քրտնաջան աշխատենք և կայուն աճ ապահովենք:
Ոչ մեկ մեր երկիրը չի զարգացնելու և չի կառուցելու մեր փոխարեն:

Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում: Յուրաքանչյուրս կարող է մաս կազմել այդ համախմբմանը: Երկիրը պաշտպանող, աշխատող, սովորող, շուտ արթնացող, իր, շրջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ, պրպտող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը:
Մենք կարո՛ղ ենք միասին զարգացնել մեր երկիրը և արդյունքում ունենալ ուժե՛ղ, արդա՛ր, զարգացա՛ծ, բարեկեցիկ երկիր՝ աճող և երջանիկ բնակչությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տոնական օրերին հոգատարությամբ լցրեք ձեր օջախները, գրկեք ձեր ծնողներին և մեծերին, երեխաներին և թոռնիկներին, միմյանց բարի խոսքեր ասեք, ուրախացեք, ներեք: Ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ կտրվեք առօրյա հոգսերից և դրական լիցքերով տրամադրվեք գալիք տարվան: Վստա՛հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՛ծ լավ երկիր: Շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը»,- ասված է ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս