Ռուսաստանը իր ռազմական պլանավորման մեջ հաշվի կառնի Ճապոնիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը
Մոսկվան իր ռազմական պլանավորման մեջ հաշվի կառնի Ճապոնիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել տեղակայել «Aegis Ashore» վերգետնյա հակահրթիռային պաշտպանության համակարգ՝ պաշտպանելու իր տարածքը և քաղաքացիներին Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների սպառնալիքից:
Ըստ Ռյաբկովի` Տոկիոն երկար ժամանակ է գործում Ասիական հատվածում ԱՄՆ-ի գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ուղղությամբ:
«Այսինքն՝ ճապոնական տարածքում տեղակայված տեխնիկապես և ֆունկցիոնալ համալիրները նույնական են ամերիկյան արտադրանքի: Նրանք նույնական են կալանիչ-հրթիռներով, ինչպես նաև միջին և փոքր հեռահարության թևավոր հրթիռներով»,- ասել է Ռյաբկովը:
Նրա խոսքով` այն փաստը, որ Ռուսաստանի արևելյան հատվածում տեղադրվել են նմանատիպ համալիրներ, երկրի համար ստեղծում է մի նոր իրավիճակ, որը, իհարկե, հաշվի է առնվելու:
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում, որ ճապոնացի գործընկերները կշռադատեն՝ արդյո՞ք իրենց շահերից է բխում միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի խախտումը», – ասել է Ռյաբկովը: