ԱՄՆ-ն քննադատել է ՌԴ-ից C-400 համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի մտադրությունը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան հակահրթիռային համակարգերն ավելի շատ են համապատասխանում Թուրքիայի պահանջներին, որը որոշել է Ռուսաստանից ձեռք բերել С-400 համակարգեր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան հակահրթիռային համակարգերը մնում են տարածաշրջանում առկա սպառնալիքների ողջ սպեկտրից պաշտպանվելու լավագույն տարբերակը: Թուրքիան իր ավելի լայն և երկարաժամկետ պահանջների համար շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի երկրների հակահրթիռային համակարգերին, այդ թվում նաև ԱՄՆ Patriot համակարգերին»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը` մեկնաբանելով Թուրքայի կողմից ՌԴ-ից C-400 համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ պայմանավորվածությունը:
Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները վարկային համաձայնագիր են ստորագրել, որով Թուրքիան ՌԴ-ից հակահրթիռային C-400 համակարգեր ձեռք կբերի: Թուրքիայի պաշտպանության նախարարության քարտուղարության համաձայն` Թուրքիան այդ համակարգերի երկու մարտկոց ձեռք կբերի: Բացի այդ` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայում զեինթահրթիռային համակարգերը զարգացնելու տեխնիկական համագործակցության վերաբերյալ: