Բաժիններ՝

Մեծ Բրիտանիա զբոսաշրջիկների հոսքը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել

Մեծ Բրիտանիա օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը 2018 թվականին առաջին անգամ կգերազանցի 40 մլն մարդու ցուցանիշը, իսկ նրանց ծախսերը կհասնեն ռեկորդային 27 մլրդ ֆունտ ստեռլինգի (36 մլրդ դոլար): Այս կանխատեսումն արել է VisitBritain գործակալությունը։

Զբոսաշրջիկների համար Մեծ Բրիտանիայի ժողովրդականության աճը պայմանավորված է Եվրամիությունից դուրս գալու Լոնդոնի որոշման հետեւանքով եվրոյի ու ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ ֆունտ ստեռլինգի կտրուկ թուլացմամբ: 2017 թվականը ռեկորդային է դարձել Մեծ Բրիտանիայի տուրիստական սեկտորի համար. արտասահմանից երկիր են այցելել շուրջ 39,9 մլն զբոսաշրջիկներ: 2018 թվականին, VisitBritain-ի գնահատումների համաձայն, օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը կավելանա 4,4 տոկոսով եւ կհասնի 41,7 միլիոնի:

Դա նշանակում է, որ հյուրանոցներն ու ռեստորանները Մեծ Բրիտանիայի ժողովրդականություն վայելող այնպիսի քաղաքներում, ինչպիսին են Լոնդոնը, Էդինբուրգը, Բաթը եւ Քեմբրիջը, կարող են ռեկորդային տարի ակնկալել, գրում է The Guardian-ը:

2017 թվականին տուրիստական բումը Մեծ Բրիտանիայում նպաստել է լյուքսային բրենդների, ինչպես, օրինակ՝ Burberry-ի վաճառքների զգալի աճին, ինչի շնորհիվ Լոնդոնի Բոնդ-սթրիթը տեղ է գտել աշխարհի առավել թանկ փողոցների եռյակում՝ առաջ անցնելով Փարիզի Ելիսեյան դաշտերից:

«Զբոսաշրջությունը Մեծ Բրիտանիայի առավել արժեքավոր արտահանական ճյուղերից մեկն է: Դա նաեւ գլոբալ սուր մրցակցության սեկտորն է, եւ 2017 թվականի արդյունքները ցույց են տալիս ոչ միայն այցելուների համար մրցակցելու Մեծ Բրիտանիայի պահպանվող ունակությունը, այլեւ վկայում են տուրիստական սեկտորի՝ որպես տնտեսական աճի շարժիչի կարեւորության մասին»,-նշում է VisitBritain-ի տնօրեն Պատրիսիա Եյթսը:

2017 թվականի հունվարից սեպտեմբեր եվրոպական երկրներից Մեծ Բրիտանիա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 19,6 միլիոն, այն մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4 տոկոսով: Հյուսիսային Ամերիկայից զբոսաշրջիկների թվականակն ավելացել է 17 տոկոսով եւ գերազանցել 3,8 միլիոնը: Այլ երկրներից, ներառյալ Ավստրալիան, Չինաստանը, Հնդկաստանը եւ Մերձավոր Արեւելքի պետությունները, զբոսաշրջիկների թիվն ավելացել է 15 տոկոսով՝ մինչեւ 5 միլիոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս