«Հայաստանում հզոր և կայացած ինստիտուտը բանակն է». Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց, որ այս տարի էլ Արցախի հարցում չկարողացանք հասնել մեր ուզած լուծմանը, Ցեղասպանությունը չդատապարտվեց աշխարհի բոլոր կողմերից, և ամենակարևորը՝ Թուրքիայից, ինչ-որ ուղղությունում Հայաստանը չդարձավ տարածաշրջանի կարևոր խաղացող.

«Եթե գնահատենք այն տեսանկյունից, որ ինչ կցանկանայինք և ինչի չենք հասել, կարող ենք համարել ձախողումների դաշտի խնդիր»։

Ինչ վերաբերում է հաջողություններին, նա ասաց, որ միակ բանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն է.

«Բայց մի բանի տակ որ ստորագրում ես, դրանից հետո պետք է դրան կյանք տաս։ 2018թ. պետք է լինի այն տարին, որտեղ Հայաստանը պետք է այն դիվանագիտությունը վարի, որ առաջինը՝ ԵՄ բոլոր անդամ երկրները կարողանան շատ արագ իրենց մոտ վավերացնել պայմանագիրը, և դրա հետ միասին՝ կարողանանք սկսել իրագործումը։ Բացի դրանից՝ մեր ներքին խնդիրներից պետք է լինի այդ բոլոր բարեփոխումների որակով իրագործումը»։

Նա հիշեցրեց, որ տարվա սկզբին ուրախալի էր Հայաստան-Իրան համագործակցությունը, բայց թե արդյո՞ք դա կարողացանք զարգացնել մեր ուզած ուղղություններով, ըստ նրա՝ առայժմ դեռ չի երևում. «Ազատ տնտեսական գոտին արել ենք, 1 տարի հետո արդյունքների մասին խոսելիս՝ նոր կգնահատենք։ Հայաստան-Վրաստան հարաբերությունների մասին խոսելիս՝ փորձում ենք ասել, որ ինչ-որ զարգացումներ կլինեն, բայց պե՞տք է դրանով ոգևորվենք-ուրախանանք։ Միգուցե չտխրենք, բայց կոգևորվենք-կուրախանանք, երբ կունենանք արդյունքներ ու կհասկանանք, որ միայն Վերին Լարսի հույսին չենք մնալու»։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, նա ասաց, որ 2018թ. լինելու է ընտրությունների տարի, հետևաբար՝ չի լինի առաջընթաց. «Նույնիսկ պետք է պատրաստ լինենք սրացումների, այդ իմաստով՝ մեր աշխատանքը պետք է շատ նրբանկատ լինի»։

Պողոսյանը կարևորեց նաև այն հարցը, թե Մերձավոր Արևելքում ինչ քաղաքականություն է վարելու Հայաստանը. «Ցավոք, մենք ունակ չեղանք պահպանել մեր Սփյուռքը ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայում, այդ պարագայում մեր ազդեցություններն այնտեղ նորից իրավիճակային են։ Պետք է մեծ ուշադրություն դարձնել, թե ինչպիսի զարգացումներ են լինելու Երուսաղեմում կամ Լիբանանի ուղղությամբ։

Պետք է գիտակցենք, որ այնտեղ ցանկացած սրացում ունենալու է իր ազդեցությունը մեզ վրա, և մենք պետք է կարողանանք նորից չքնել, չսպասել, որ իրավիճակից կախված՝ ինչ-որ բաներ անենք, այլ ինքներս նախաձեռնող լինենք և սցենարներ մշակենք բոլոր զարգացումների համար»։

Ըստ նրա՝ Հայաստանում հզոր և կայացած ինստիտուտը բանակն է։ Իսկ ԱԳՆ-ն, նրա խոսքով՝  այդպես էլ չի ընկալում, որ ինքը նույն ձևով Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի հիման վրա է աշխատում, իսկ դա բերում է նաև պարտավորություններ. «Ցանկացած պետական ինստիտուտ պետք է գիտակցի, որ հանրությունն իրավունք ունի իմանալ, իսկ իրենք պարտավոր են ներկայացնել։ Ցանկացած երկրում դա արվում է»։

Տեսանյութեր

Լրահոս