
Կվիրիկաշվիլին ԱՄՆ-ի հետ համագործակցությունը համարել է երկրի գլխավոր գերակայությունը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ամփոփելով տարվա արդյունքները, հայտարարել է, որ երկրի անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը մնում են երկրի ղեկավարության արտաքին քաղաքական գերակայությունները։
«Մենք քանիցս հայտարարել ենք, որ թիմի գլխավոր գերակայությունը եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացումն է: Այս վեկտորից է ելնում այն երեք բարեփոխումների առաջատար գիծը, որոնք իրականացվում են մեր երկրում: Այդ ուղղությամբ 2017 թվականի գլխավոր ձեռքբերումը դարձել է ԵՄ-ի երկրների հետ անայցագիր ռեժիմը, դա ամբողջ թիմի հաջողությունն է»,- հայտարարել է վարչապետը կառավարության՝ դեկտեմբերի 27-ի նիստում:
Նրա խոսքով՝ «Վրաստանի վերջնական նպատակը լիարժեք անդամակցությունն է Եվրամիությանը», ուստի Վրաստանի իշխանությունները ձեռնամուխ են լինում այն խնդիրների լուծմանը, որոնք դրված են նոր օրակարգում, որը կոչվում է «դեպի Եվրամիություն ճանապարհի քարտեզ», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: