
Մակրոնը կոչ է արել Սաուդյան Արաբիայի թագավորին՝ վերջ դնել Եմենի շրջափակմանը. Reuters

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել վերջ դնել Եմենի շրջափակմանը: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Ելիսեյան պալատի մի աղբյուր:
«Նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել Եմենում հումանիտար աղետի կապակցությամբ եւ կոչ է արել Սաուդյան Արաբիայի թագավորին՝ վերջ դնել շրջափակմանը, որպեսզի ապահովվեն հումանիտար օգնության եւ ապրանքների մատակարարումները Եմենին»,-գործակալանությանը հայտնել են Մակրոնի վարչակազմում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նախազգուշացրել է, որ Եմենում սպառվում են վառելիքի պաշարները, եւ կոչ է արել կոալիցիային՝ ապահովել հումանիտար եւ առեւտրային նավերի անարգել մուտքը Կարմիր ծովի ափին գտնվող Խոդեյդի եւ Աս Սալիֆա նավահանգիստներ: Նրա խոսքով՝ երկրում վառելիքի սուր պակաս է զգացվում, որն անհրաժեշտ է հիվանդանոցների ու ջրամատակարարման համակարգերի աշխատանքի համար: Դյուժարիկը նաեւ հիշեցրել է, որ երկրի 21 մլն բնակիչներ մարդասիրական օգնության կարիք ունեն, նրանցից 7 միլիոնը սովահարության շեմին են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: