ԳՖՀ-ի ԱԳ նախարարը դեմ է Եվրոպայում Գերմանիայի ռազմական առաջատարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը դեմէ արտահայտվել Եվրոպայում Գերմանիայի ռազմական առաջատարությանը, նախազգուշացնելով, որ այն կարող է կործանարար լինել: Այս կարծիքը նա հայտնել է դեկտեմբերի 27-ին Bild թերթում հրապարակված հարցազրույցում: Նա նաեւ նախազգուշացրել է, որ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոս ավելացնելու խնդիրը Գերմանիայի համար «միանգամայն անօգուտ է»։
«Բացի այդ, կործանարար կլիներ, եթե Գերմանիան ցանկանար դառնալ ոչ միայն Եվրոպայի առաջատար քաղաքական ու տնտեսական ուժը, այլեւ՝ ռազմական»,-նախազգուշացրել է նախարարը: Նա համոզված է, որ «հաջորդ կառավարությունը չպետք է այդ խնդրի գերին դառնա»:
Խոսելով պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոս ավելացնելու մասին՝ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա փաստորեն նշանակում է ռազմական ծախսերի կրկնապատկում: Նրա կարծիքով, դրա փոխարեն Բեռլինը պետք է աշխատի ԵՄ-ի երկրների միջեւ ավելի սերտ համագործակցության վրա: «Եթե մենք Եվրամիության շրջանակներում աշխատենք պաշտպանության ընդհանուր համակարգի վրա, դա փող կտնտեսի եւ թույլ կտա ավելի շատ խնդիրներ կատարել»,-ասել է ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: