Բաժիններ՝

«ԳՍԴԿ-ն ՔՍՄ-ի հետ կոալիցիա չի կազմի, եթե Մերկելն արգելափակի ԵՄ-ի բարեփոխումը». Գաբրիել

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) Եվրամիության բարեփոխմանը Անգելա Մերկելի դաշինքի համաձայնությունը համարում է նրա պահպանողական դաշինքի հետ կառավարություն կազմելու հիմնական պայմաններից մեկը: Այդ մասին ԳՖՀ-ի ԱԳ նախարար սոցիալ-դեմոկրատ Զիգմար Գաբրիելը հայտարարել է դեկտեմբերի 27-ին Bild թերթում հրապարակված հարցազրույցում։

«Եթե դաշնային կանցլերի գերատեսչությունը շարունակի մերժել ԵՄ-ի բարեփոխման բոլոր առաջարկությունները, ապա ԳՍԴԿ-ի հետ կոալիցիան չի լինի»,-ասել է նա: Բացի այդ, նրա խոսքով՝ ԳՍԴԿ-ն Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքից տեղաշարժեր է ակնկալում սոցիալական ոլորտում: «Նաեւ հստակ է, որ եթե միությունը համառորեն պնդի, որ պարտադիր առողջապահական համակարգում գտնվող մարդիկ ավելի վատ են սպասարկվելու, քան մասնավոր կարգով ապահովագրվածները, անիմաստ կլինի կոալիցիոն բանակցություններ վարելը»,-պարզաբանել է Գաբրիելը:

Դեկտեմբերի 20-ին ՔԴՄ/ՔՍՄ-ի եւ ԳՍԴԿ-ի ղեկավարները համաձայնեցրել են նոր նախարարների կաբինետի ձեւավորման շուրջ նախնական կոնսուլտացիաների ժամանակացույցը:

Պլանավորվում է, որ կուսակցությունները բանակցությունները կսկսեն նոր տարվա առաջին օրերին, իսկ մինչեւ հունվարի 12-ը արդեն կամփոփեն առաջին արդյունքները եւ դրանք կներկայացնեն իրենց քաղաքական ուժերի ղեկավար մարմինների քննարկմանը:

Ինչպես սպասվում է, հնարավոր կոալիցիոն համաձայնության շուրջ աշխատանքը կսկսվի միայն հունվարի երկրորդ կեսին, իսկ կառավարությունը վերջնականապես կհաջողվի ձեւավորել միայն գարնան մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս