
Պենտագոնում նշել են Սիրիայում և Իրաքում մնացած ԻՊ-ի զինյալների թիվը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ հազար զինյալներ դեռեւս մնում են Սիրիայում եւ Իրաքում: Այդ մասին դեկտեմբերի 26-ին Military.com ինտերնետ-պորտալին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի ցամաքային զորքերի գնդապետ Ռայան Դիլլոնը: «Մեր տվյալներով՝ մոտավորապես հազար զինյալներ դեռեւս գտնվում են Իրաքում եւ Սիրիայում»,- նշել է սպան:
Նրա խոսքով՝ կոալիցիայի ուժերն այժմ կենտրոնացած են այն բանի վրա, որ կասեցնեն ծայրահեղականների տարանջատ խմբերի՝ որեւէ հարձակում ձեռնարկելու փորձերը:
ԱՄՆ-ի նախագահի՝ ԻՊ-ի դեմ պայքարում տարբեր երկրների հետ փոխգործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրկը դեկտեմբերի 21-ին ենթադրություն է արել, որ Սիրիայում մարտական գործողությունները կարող են տեւել եւս մի քանի ամիս: Ամերիկացիները այդ հանրապետությունում կգտնվեն մինչեւ արմատականների լիակատար ջախջախումը, հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: