Բաժիններ՝

Պերուի ներման արժանացած նախկին նախագահը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից

Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին, որը բանտարկության պատիժ էր կրում կոռուպցիայի համար եւ ներման է արժանացել պետության ներկայիս ղեկավար Պեդրո Կուչինսկիի կողմից, ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից, տեղեկացնում է BBC-ին:

«Ես գիտեմ, որ կառավարության գործունեության արդյունքները ոմանց դուր են եկել: Բայց ես նաեւ հասկանում եմ, որ հուսախաբ եմ արել որոշ մարդկանց: Ես նրանցից ամբողջ սրտով ներողություն եմ խնդրում»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով Պեդրո Կուչինսկիին ներում շնորհելու համար:

Ֆուխիմորիի հայտարարությունը տեսագրվել է ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում եւ զետեղվել Facebook-ում նախկին նախագահի էջում:

Ֆուխիմորիի ներմանը միանշանակ չեն արձագանքել բազմաթիվ պերուացիներ, որոնք կարծում են, որ նախկին նախագահը պետք է կրեր լրիվ պատժաչափը: Կուչինսկին որոշել է Ֆուխիմորիին ազատել մարդասիրական նկատառումներով. Պերուի նախկին նախագահը 79 տարեկան է, եւ, բժշկական հանձնաժողովի եզրակացությունների համաձայն, նա տառապում է անբուժելի եւ աստիճանաբար սաստկացող հիվանդությամբ, որի դեպքում բանտում գտնվելը կարող է վտանգավոր լինել նրա կյանքի համար: «Խոսքը վերաբերում է Պերուի նախկին նախագահի առողջությանը եւ կյանքին: (…) Ես համոզված եմ, որ մենք, որ մեզ դեմոկրատներ ենք համարում, չենք կարող թույլ տալ, որ Ալբերտո Ֆուխիմորին մահանա բանտում: Արդարադատությունն ու վրեժը միեւնույն բանը չեն»,- ասել է պետության ղեկավարն ազգին հղած հատուկ ուղերձում:

Ֆուխիմորին երկրի նախագահ է եղել 1990-ից մինչեւ 2000 թվականը: 25 տարի ընդհանուր տեւողությամբ բանտարկության պատիժը նա ստացել է մի շարք դատավճիռներով. 25 մարդու սպանությունների կազմակերպման, կաշառքի, հեռախոսների ապօրինի գաղտնալսման եւ կաշառման համար պետական միջոցների օգտագործման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս