
Թուրքիային տրվելիք ռուսական վարկը կկազմի Ս-400-ի մատակարարման պարտավորագրի 55 տոկոսը

Ռուսաստանը վարկ կտրամադրի Թուրքիային, որը կկազմի այդ երկրին Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագրի կեսից ավելին: Այդ մասին հայտնել է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
«Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆինանսների նախարարություններն արդեն ավարտել են բանակցությունները, մնացել է հաստատել ամփոփիչ փաստաթղթերը: Կարող եմ ասել, որ պարտավորագրի ընդհանուր գումարի 45 տոկոսը նրանք մուծում են որպես կանխավճար, 55 տոկոսը ռուսական վարկային միջոցներն են»,- ասել է Չեմեզովը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
«Առաջին մատակարարումները պլանավորում ենք սկսել 2020 թվականի մարտին»,- նշել է «Ռոստեխ»-ի ղեկավարը: Նա նաեւ ճշտել է, որ Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ չորս դիվիզիոն Ս-400 համալիրների գնման պարտավորագրի արժեքը կազմում Է 2,5 մլրդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: