«ԵԱՏՄ-ում վերջին երկու տարիներին Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքները». Ղազախստանի դեսպան
Չնայած դժվարություններին` ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները արձանագրել են զարգացման դրական դինամիկա: Եվրասիական փորձագիտական ակումբի` «ԵԱՏՄ երեք տարիները. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով ամենամյա ժողովի շրջանակում այս մասին ասաց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը:
«Այս տարիների ընթացքում ԵԱՏՄ-ի վերակառուցման եւ ինտեգրացիոն գործընթացները շարունակում են զարգանալ` չնայած որոշ դժվարություններին: Հարկ է նշել, որ բոլոր անդամ երկրների ֆոնին Հայաստանն ամենալավ արդյունքներն է գրանցել ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2017-ի դեռեւս վերջնական չամփոփված տվյալներով: Ես նկատի ունեմ տնտեսության աճի դինամիկան, արտահանման դինամիկան՝ ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ երկրներ»,-ընդգծեց դեսպանը:
Դեսպանն առանձնացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` ընդգծելով, որ Հայաստանում այն դեռեւս խորհրդային տարիներին էր լավ զարգանում: «Հայաստանն այդ ոլորտն անպայման պետք է զարգացնի, քանի որ այն կարող է տնտեսության զարգացման խթան հանդիսանալ, դառնալ տնտեսությունների զարգացման առաջատարը դառնալ»,-նշեց Թիմուր Ուրազաեւը:
Դեսպանի համոզմամբ` ԵԱՏՄ-ում համագործակցության հիմքը պետք է լինի անկեղծությունը, պետք է հարկերը չթաքցվեն միմյանցից, քանի որ նույնիսկ չնչին սուտը կարող է անվստահություն առիթ դառնալ: