Բաժիններ՝

Պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտը Մշակույթի նախարարությունը փակում է գրեթե լիակատար ձախողմամբ

Երեկ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամփոփում էր անցնող տարին, միաժամանակ նախանշում նոր՝ 2018-ի ծրագրերն ու անելիքները, առաջնահերթություններն ու պլանները:

«168 Ժամի» հարցին ի պատասխան՝ նախարարն անդրադարձավ նաև անցնող տարվա ընթացքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտի ամփոփմանը, որը, սակայն, պարզվում է, այնքան էլ հուսադրող չէր, ինչպես և սպասվում էր նախորդ տարի նույն ժամանակաշրջանում նախարարի շռայլած գրեթե անիրականանալի թվացող խոստումների ֆոնին:

Պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտը նախարարությունը փակում է գրեթե լիակատար ձախողմամբ, թերևս, միայն թափանցիկ ու բաց վերահսկողության արձանագրությամբ, որն ըստ նախարարի՝ կարող է համարվել տարվա ընթացքում ոլորտի գլխավոր ձեռքբերումը:

Հարկ է  նկատել, որ վերոհիշյալ ձևակերպումը ոչ այլ ինչ է, քան մի ամբողջ տարի գրեթե պարապուրդի մատնված ոլորտի խոստովանություն, որ նախարարը համեմեց  «բոլոր ցավոտ և հիվանդոտ կետերի արձանագրման» ձեռքբերմամբ:

Անդրադառնանք  հարցին, թե ինչո՞ւ այդպես ստացվեց: Թերևս, նախարարության ներսում՝ ոլորտի պատասխանատուները  ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչ-ինչ բացատրություններ կունենան, և, եթե  հարկ համարեն դրանց մասին պատշաճ կարգով հաշվետվություն տալ վերադաս մարմնին, կամ գոնե նման  հանձնարարական ստանան, ապա ինքը՝ նախարարը,  գուցե իր համար դեռևս  անսպասելի՝ մասնավորապես, ասենք, կոռուպցիոն ռիսկեր պարունակող  իրականություն հայտնաբերի: Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք: Արդյունքում, տարեվերջյան ասուլիսի ընթացքում, ի լուր աշխարհի,  նախարար Ամիրյանը  ստիպված է լինում  ոլորտի  ֆիասկոն բարդել ձախողված ընթացակարգի և շինարարների ուսերին: Հետևությունները թողնում ենք ոլորտի սրտացավ և  բանիմաց մասնագետներին:

Առավել շոկային էր նախարար Ամիրյանի մեկնաբանությունը՝ ստեղծված իրավիճակի պարզաբանման վերաբերյալ, որի համաձայն՝ հայտարարված մրցույթի մասնակից կազմակերպություններից մեկի բողոքի (ամենայն հավանականությամբ, ոլորտի պատասխանատուի վարքին բնորոշ՝ գզվռտոցի.- Ն.Մ.) պատճառով շինարարության մեկնարկի ժամկետը հետաձգվել է մինչև  սեպտեմբեր ամիս: Ստացվում է՝ ողջ տարվա ընթացքում ոլորտի աշխատանքների իրականացման  համար  գերատեսչությունն ունեցել է ընդամենը  մեկ-երկու ամիս, որի ընթացքում, ըստ նախարարի,  իրենք  չէին կարող իրականացնել այնպիսի հսկայական ծավալ, ինչպիսին նախապես պլանավորված էր եղել:

Ժամանակ չվատնելով արդեն հռետորական հարցի պարզաբանման վրա՝  իսկ ինչո՞վ էին զբաղված ոլորտի պատասխանատուները մնացյալ 10 ամիսների ընթացքում,  անցնենք թեմայի պարզաբանմանը՝ ըստ էության:

Դեռևս անցյալ տարեվերջին, երբ նախարար Ամիրյանն ամփոփում էր նախարարական առաջին տարին և նախանշում գալիք տարվա՝ 2017-ի առաջնահերթությունները, վերջինս համարձակվեց հանդես գալ խիստ հավակնոտ հայտարարությամբ, ըստ որի՝ առաջիկա ողջ տարվա ընթացքում Մշակույթի նախարարությունը հանձն էր առնում վերականգնել, ո՛չ ավել, ո՛չ պակաս, թվով 7 պատմամշակութային հուշարձան:

Նախարարի այդ հայտարարությանն ի պատասխան՝ «168 Ժամը» «հորդորեց» վերջինիս՝  զերծ մնալ նմանօրինակ հավակնոտ հայտարարություններից, որը, ինչպես և հետագայում, արդեն մեկ տարի անց՝ երեկ, պարզվեց՝ կամ նախարարի անփորձության, կամ վերջինիս կողմից դրսևորած արկածախնդրության, կամ պարզապես ծուղակի արդյունք էր:

Այն, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման և  պահպանության ուղղությամբ տարված աշխատանքների արդյունավետությունը (ոլորտի համակարգող և պատասխանատու՝ փոխնախարար Արև Սամուելյան)  եղել և մնում է Մշակույթի նախարարության ամենաքննադատված և ամենախոցելի կողմերից մեկը, իր հրապարակային ելույթներում բազմիցս հաստատել է ինչպես՝ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, այնպես էլ՝ արդեն «կրակն ընկած»  Արմեն Ամիրյանը:

Հետգրության կարգով հույս ենք հայտնում, որ  նախարար Արմեն  Ամիրյանին կհաջողվի վերանայել ստեղծված իրավիճակի հնարավոր բոլոր պատճառահետևանքային կապերը, որոնք, ամենայն հավանականությամբ,  թաքնված են ոլորտի պատասխանատուների  դրսևորած  հարկադիր պարապուրդի կամ, որ  բոլորովին չի բացառվում,  գիտակցված ձախողում որդեգրած հանցավոր քաղաքականության  մեջ:

Տեղեկացնում ենք նաև, որ նոր՝ 2018 թվականին «168 Ժամը» հետևողական կերպով կքննի և կներկայացնի  նախարարության հեղինակազրկված՝  պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման  ոլորտի բացերն ու դրանց պատասխանատուներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս