Բաժիններ՝

Լեդի Գագան երկու տարի համերգներ է տալու Լաս-Վեգասում

Ժողովրդականություն վայելող ամերիկացի երգչուհի Լեդի Գագան իր շոուներով երկու տարի հանդես է  գալու Լաս-Վեգասի (Նեւադայի նահանգ) համերգասրահներից մեկում։ 31-ամյա երգչուհին պարտավորագիր է ստորագրել Park MGM ժամանցային համալիրում մի շարք համերգներ անցկացնելու վերաբերյալ:

Երգչուհին ելույթ է ունենալու 5,3 հազար հանդիսատեսների համար նախատեսված դահլիճում, որտեղ ավելի վաղ մշտական շոուներով հանդես են եկել, մասնավորապես, Շերը եւ Ռիկի Մարտինը: Ինչպես հայտնել է Entertainment Weekly հանդեսը, Լեդի Գագայի համերգները կսկսվեն հաջորդ տարվա վերջին: Դրանց ստույգ ամսաթիվը հայտնի չէ, սակայն, Las Vegas Review Journal թերթի տվյալներով, երգչուհին առաջին տարում կտա առնվազն 36 շոու:

Յուրաքանչյուր համերգի դիմաց երգչուհին կստանա 400 հազար դոլար, հայտնել են հրատարակության աղբյուրները: «Ես ամբողջ կյանքում երազել եմ այն մասին, որ ելույթ ունենամ Լաս Վեգասում»,- Entertainment Weekly-ն մեջբերում է երգչուհու հայտարարությունը: Նա նշել է, որ այդ քաղաքում մշտական հիման վրա համերգներով հանդես են եկել Ֆրենք Սինատրան, Էլթոն Ջոնը, Ջուդի Հառլենդը եւ Լայզա Մինելին: Լեդի Գագայի խոսքով, ինքը շոյված է «այնպիսի շոու ստեղծելու իրեն տրամադրված պատվից, որպիսին Լաս-Վեգասը երբեք չի տեսել»:

«Joanne» անվանումը կրող իր վերջին ալբոմը Լեդի Գագան թողարկել է անցյալ տարվա հոկտեմբերին: 1986 թվականին Նյու Յորքում ծնված Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) ամերիկացի երգչուհի է, երգերի հեղինակ, պրոդյուսեր, դիզայներ, դերասանուհի եւ բարեգործ: Մինչ այժմ նա թողարկել է հինգ ստուդիական ալբոմ, որոնք վաճառվել են 27 մլն ընդհանուր օրինակով:

Երգչուհին, որը հայտնի է իր սկանդալային վարքագծով, ստացել է երաժշտական բազմաթիվ պարգեւներ, ներառյալ Grammy վեց մրցանակ: Forbes հանդեսը մի քանի տարի նրան ներառել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս