«Արդյո՞ւնքը, իմա՞ստը, պտո՞ւղը». Աղվան Վարդանյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճի մասին
Ինչպես հայտնի է, օրերս Ազգային ժողովում ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի սահմանադրականության հարցը բուռն քննարկման և բանավեճի առիթ հանդիսացավ: Քվեարկությունից հետո ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե ցավում է, որ ԱԺ-ում նման վրիպակներ են լինում, և պատգամավորները չեն հասկանում՝ որ հարցն է քվեարկվում: Նա պնդեց, որ քվեարկության դրված և միջադեպի առիթ հանդիսացած օրենքի նախագիծը սահմանադրական չէր: Դրան հաջորդեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների պնդումները, որ օրենքի նախագիծը սահմանադրական էր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս անդրադարձավ այդ հարցին. «Արտահերթ նիստի օրակարգում ունեինք երկու նախագիծ՝ մեկը այսօր գործող Դատական օրենսգրքում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն էր, մյուսը՝ նոր Դատական օրենսգիրքն էր: Բովանդակային առումով՝ գործող Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը սահմանադրական օրենք չէր, իսկ ձևի առումով՝ իրավաբանները թող վիճեն: Ամբողջ աղմուկը սրա վերաբերյալ էր: Աղմուկ էր ոչնչից: Ես հասկանում եմ՝ քաղաքական դիրքորոշումներ են, մոտեցումներ են, փորձեր են՝ իրենց ներկայությունն ակնառու դարձնելու, և այլն, բայց արդյո՞ւնքը, իմա՞ստը, պտո՞ւղը: Ի վերջո, դա անպտուղ քննարկում էր: Մենք երկու օր ուղղակի զբաղվեցինք այս հարցերով, ամեն մեկը ըստ իր պատկերացումների՝ իր տեսակետները հայտնեց, և ունենք այն, ինչ ունենք»:
168.am-ի դիտարկմանը, որ ոչ միայն ընդդիմադիր խմբակցություններն էին ասում, որ դա սահմանադրական օրենք է, այլ հենց ԱԺ նախագահն օրենքի նախագիծը ներկայացնելիս՝ ասաց, որ դա սահմանադրական օրենք է և պահանջում է պատգամավորների ձայների 3/5-րդը. Ա. Վարդանյանը պատասխանեց.
«Միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, բայց ես երկու օրենքները համադրեցի, համեմատեցի, բացատրեցի բովանդակության և ձևի առումով՝ որը ինչն է, և ասում եմ՝ իրավաբանների վեճ կա, Արդարադատության նախարարն ասում է՝ սահմանադրական չէ, ԱԺ-ն որոշել է, որ սահմանադրական է: Անկախ սրանից՝ եթե մենք խորքը նայենք, բովանդակությունը նայենք ու այս ամբողջ աղմուկը նայենք, խոսքը վերաբերում էր Դատական օրենսգրքում կատարվելիք դրական մի քանի փոփոխություններին, այս առումով ես կուզեի բովանդակությանը նայեինք, ոչ թե ձևին: Հիմա թող վիճեն իրենք, այդ երկու օրենքներն էլ ընդունվեցին՝ առանց վեճի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: