Արտակարգ իրավիճակ ԱԺ-ում. «Ելք»-ի պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, այնուհետև լքեցին նիստերի դահլիճը
Այսօր Ազգային ժողովում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Քվեարկության էր դրվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի անցնելու համար պետք էր պատագամավորների ձայների 3/5-րդը:
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները դեմ էին այս օրենքի նախագծին, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը նույնպես հայտարարեց, որ ինքը սկզբունքորեն դեմ է: «Ելք»-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց չմասնակցել քվեարկությանը «Ծառուկյան» խմբակցությանը և բոլոր նրանց, ովքեր դեմ են նախագծին, որպեսզի այն չանցնի: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը միացավ կոչին:
Երբ քվեարկությունն ավարտվեց էլեկտրոնային ցուցատախտակին ցույց տրվեց, որ 61 կողմ ձայներով նախագիծը չի անցել: Դա ոգևորություն առաջացրեց ընդդիմադիրների մոտ, նրանք սկսեցին ծափահարել: Հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավոր Հայկ Մախմուդյանի քվեարկության քարտը չի աշխատել, նա նույնպես կողմ է քվեարկել: Նա նաև հաշվեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գրավոր քվեարկությունը և հայտարարեց, որ նախագիծն անցել է:
Ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բաղավել իրենց տեղերից: «Ելք»-ի պատգամավորները հայտարարում էին, որ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը նույնպես դեմ է քվեարկել, սակայն ցուցատախտակին ցույց է տալիս կողմ: Նրանք պահանջում էին կրկնել քվեարկությունը, սակայն Ա. Բաբլոյանը շարունակեց այլ օրենքների նախագծերի ընթերցումը: «Ելք»-ի պատգամավորները հարվածում էին սեղաններին, հետո ոտքի ելան ու սկսեցին քայլել նիստերի դահլիճում:
«Քիչ առաջ բոլորիս աչքի առաջ անհայտ կեղծիքով խորհրդարանական մեծամասնությունը սղցրեց սահմանադրական կոչվող օրենքը, ինչը ցույց է տալիս, որ այն ամբողջ կենացները խորհրդարանական երկիր դառնալու մասին, բարեփոխումների մասին, փոքրամասնությանը հնարավորություն տալու մասին, հերթական կեղծիքն են ու կոմեդիան, այս պահին մենք դուրս ենք գալիս ու դրան չմասնակցենք»,- հայտարարեց Ն. Փաշինյանը, և իրենք դուրս եկան դահլիճից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ այն ինչ ասում է ընդդիմությունը, իրականության հետ որևէ կապ չունի: