«Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց տարբեր ինտեգրացիոն գործընթացների համադրելիությունը». ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար
Եվրամիության հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացները՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է և ոչ թե բաժանում: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը: Նա անդրադարձավ ՀՀ-ԵՄ համագործակցությանը և հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, ինչպես նաև համաձայնագրի տնտեսական և այլ ոլորտային համագործակցությանը վերաբերվող դրույթներին:
–Պարոն դեսպան, ավարտին է մոտենում ընթացիկ տարին, որն աչքի ընկավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում բարձրաստիճան այցերի ու հանդիպումների հագեցած օրակարգով: Վերջին երեք տարիները գնահատվում են որպես առանձնապես ակտիվ ՀՀ-ԵՄ համագործակցության առումով:
-ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է և այս առումով բարձրաստիճան փոխայցելությունները, տարբեր մակարդակներում կողմերի միջև ընթացող շարունակական քաղաքական երկխոսությունը թույլ են տալիս սպառիչ կերպով անդրադառնալ երկկողմ օրակարգի հարցերին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին:
Միաժամանակ, Հայաստանը ջանքեր է գործադրել ԵՄ կառույցների, անդամ պետությունների հետ համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ, ճշգրտվել և նախանշվել են հարաբերությունների հետագա խորացման կոնկրետ ձևերը և ուղղությունները ինչպես ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախապատրաստման գործընթացի, այնպես էլ՝ ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցության ծավալման շրջանակներում:
Այս առումով փոխայցերի և տարբեր միջոցառումների հաճախականությունն իրապես տպավորիչ էր: 2015թ. հուլիսին Հայաստան այցելեց Եվրոպական Խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկը, 2016թ. մարտին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այս տարվա փետրվարին ԵՄ աշխատանքային այցով Բրյուսել այցելեց ՀՀ Նախագահը: Պարբերական բնույթ են կրում ՀՀ Նախագահի այցերն ու մասնակցությունը ԵԺԿ գագաթաժողովներին:
Կանոնավոր բնույթ են կրում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ, ինչպես նաև բազմակողմ ձևաչափում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում: Բացի այդ, Հայաստանում անցկացվեցին Արևելյան գործընկերության ձևաչափի բազմաթիվ բարձրաստիճան միջոցառումներ ու համաժողովներ, ինչպես նաև փորձագիտական մակարդակի հանդիպումներ:
Եվ իհարկե ամենակարևորը, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ Նախագահը մասնակցեց Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովին, որտեղ տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման արարողությունը:
–Մի շարք վերլուծաբաններ նշում են, որ համաձայնագրի ստորագրմամբ «և, և»-ի քաղաքականությունը տեսական հարթությունից տեղափոխվեց իրական քաղաքականության դաշտ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Եղել են տարաբնույթ կարծիքներ և մեկնաբանություններ, ինչը բնական է, սակայն, այս հարցի պատասխանը տրված է իրողությամբ: Պետք է նշեմ, որ ՀՀ ղեկավարության կողմից որդեգրված «և, և»-ի քաղաքականությունը Հայաստանի համար ի սկզբանե եղել է առավել իրատեսական մոտեցումը, և մենք աշխատել ենք ելնելով այն տրամաբանությունից, որ պետք է լավագույնս օգտագործվեն տարբեր ինտեգրացիոն գործընթացների կողմից առաջարկված հնարավորությունները: Այս առումով անդամակցումը ԵԱՏՄ-ին ու ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ստորագրումը նոր լայն հնարավորություններ են ստեղծում մեր քաղաքացիների համար:
Նոր համաձայնագրի ստորագրմանը նպաստեց նաև եվրոպական կողմի դիրքորոշման և քաղաքականության փոփոխությունը: Իրադարձությունների զարգացումը նոր մոտեցումներ ձևավորեց ԵՄ քաղաքական շրջանակներում. Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման ընթացքում ԵՄ նոր ղեկավարությունը մշակեց նոր՝ անհատական մոտեցման դրույթներ, որոնք համահունչ են ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման մեր պատկերացումներին ու տեսլականին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը տարբեր առիթներով նշել է, որ Հայաստանի կողմից ՀԸԳՀ ստորագրումը ցույց է տալիս, որ տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի գոյակցությունը հնարավոր է:
Իր հերթին, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ՀԸԳՀ ստորագրման արարողության ժամանակ նշեց, որ սա առաջին համաձայնագիրն է, որը կնքվում է ԵԱՏՄ և միաժամանակ Արևելյան գործընկերության անդամ պետության հետ: Հայաստանը որպես օրինակ դրվատվում է նաև նոյեմբերի 15-ին Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ Եվրոպական Խորհրդարանի ընդունած բանաձևում:
Այսինքն, սա մի կողմից հանրապետության ղեկավարության քաղաքական կամքի ու հետևողական քաղաքականության, հայկական դիվանագիտության ծրագրային նպատակամղված աշխատանքի, իսկ մյուս կողմից՝ վերջին տարիներին Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունքն է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացները՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է և ոչ թե բաժանում:
–Պարոն դեսպան, ի՞նչ կոնկրետ գործնական ձեռքբերումներ կան ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Ինչպիսին են սպասելիքները նոր համաձայնագրից հետագա զարգացման վրա, ինչպիսի ազդեցություն այն կունենա Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման վրա:
-Նախ հարկ է նշել, որ Հայաստանն ԵՄ այն գործընկեր երկրներից է, որը լիարժեքորեն իրականացրել է 2015թ.-ին Ռիգայի գագաթաժողովին ստանձնած իր բոլոր հանձնառությունները: Անցած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման COSME և հետազոտությունների ու նորարարության «Հորիզոն 2020» ծրագրերին, նախաստորագրել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը և, ավելին, ավարտել Ստեղծագործ Եվրոպա ծրագրին միանալու բանակցությունները:
Բացի այդ, ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ընդլայնվել է՝ ընդգրկելով ճանապարհային ենթակառուցվածքները. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ստորագրվեց նաև Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը, որը մեզ հնարավորություն կտա բարելավել հաղորդակցությունը եվրոպական ենթակառուցվածքային ցանցի հետ: ԵՄ-ն հանդիսանում է ՀՀ ամենամեծ դոնորը:
Մեր երկկողմ օրակարգի առաջնայնություններից է նաև շարժունակության խթանումը: Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը և ԵՄ-ն ակտիվորեն իրագործում են մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը, և Հայաստանը հաջողությամբ կատարել է բոլոր հանձնառությունները, և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը, որն ամրագրված էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում, պետք է դառնա հաջորդ տրամաբանական քայլը: Այս մասին ասված է նաև Բրյուսելի գագաթաժողովի հռչակագրում:
ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի համար առանցքային առևտրային գործընկեր: Ինչպես հայտնի է 2009թ.-ից ի վեր Հայաստանը օգտվում է ԵՄ արտոնությունների ընդհանրացված (GSP+) համակարգից, որի համաձայն հայկական ծագում ունեցող 6.400 ապրանքատեսակներ ԵՄ երկրների շուկաներ են ներմուծվում զրոյական կամ նվազեցված մաքսային դրույթաչափերով: Ի դեպ, հայկական ձեռնարկությունների շրջանում այս համակարգից օգտվելու գործակիցը մշտապես բարձր է եղել՝ կազմելով մոտ 80-90-%:
Պատասխանելով ձեր հարցին՝ նշեմ, որ նրանք ովքեր հնարավորություն են ունեցել մանրամասն ծանոթանալու նոր համաձայնագրի տեքստին կարծում եմ կհամաձայնեն, որ ՀԸԳՀ-ն հավակնոտ և բովանդակալից փաստաթուղթ է: Քաղաքական երկխոսության գծով հանձնառությունները համաձայնագրում նույնքան ընդգրկուն են, ինչ Ասոցացման համաձայնագրերով նախատեսվածները: Համաձայնագիրն ամրապնդում է ընդհանուր արժեքների հիման վրա համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը և համագործակցությունը Հայաստանի և ԵՄ միջև, հիմք է դնում ՀՀ-ԵՄ առավել արդյունավետ երկկողմ գործակցության համար, արտացոլում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման միջոցով բարեփոխումների շարունակման կապակցությամբ Հայաստանի վճռականությունը:
Միաժամանակ, արդարադատության և ազատությունների վերաբերվող գլուխներում անդրադարձ է կատարվում արդարադատության համակարգի անկախությանը և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանը: Համաձայնագրով կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունները ազատ շուկայական տնտեսության, կայուն զարգացման, տարածաշրջանային և արդյունավետ բազմակողմ համագործակցության սկզբունքներին:
Միաժամանակ, ակնհայտ է, որ կարևոր ձեռքբերում լինելով հանդերձ, ՀԸԳՀ ստորագրումը վերջնանպատակ չէ, այլ կոչված է բարելավելու մեր քաղաքացիների կենսագործունեությունը, և ենթադրում է կողմերի նպատակաուղղված աշխատանքը շոշափելի արդյունքներ ապահովելու համար:
–Պարոն դեսպան, կխնդրեի անդրադառնալ համաձայնագրի տնտեսական և այլ ոլորտային համագործակցությանը վերաբերվող դրույթներին:
Նոր համաձայնագիրը անդրադառնում է նաև ոլորտային համագործակցության բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ առևտուր, հարկեր, ներդրումներ, էներգետիկա, տրանսպորտ, կրթություն և մշակույթ, քաղաքացիական հասարակություն, առողջապահություն և շրջակա միջավայր, գյուղատնտեսություն, բանկային ոլորտ, հետազոտություններ և նորարարություն, զբոսաշրջություն և շատ այլ բնագավառներ:
Միայն ոլորտների պարզ թվարկումը ցույց է տալիս, որ համաձայնագիրն ունի լուրջ տնտեսական հատված, որը կոչված է ապահովելու տնտեսական գործունեության բարելավված կարգավորող միջավայր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, ընկերությունների հիմնումը ու գործունեությունը, կապիտալի շարժը, պետական գնումները, մտավոր սեփականությունը, կայուն զարգացումը և մրցակցությունը: Համաձայնագիրը դրույթ է պարունակում նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության սկսելու մասին: Ակնհայտ է, որ ՀԸԳՀ-ն ապագային ուղղված բովանդակային փաստաթուղթ է:
–Նշեցիք, որ ՀԸԳՀ-ում դրույթ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Կխնդրեինք ավելի մանրամասն անդրադառնալ ԼՂ հարցին ԵՄ դիրքորոշմանը:
-Կարիք չկա կրկին նշել, թե որքան կարևոր է մեզ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային համայնքի ընդհանուր դիրքորոշմանը համահունչ՝ ԵՄ հետևողական և սկզբունքային դիրքորոշումը: Սա ԵՄ կարևոր ներդրումն է խաղաղության հաստատման ու տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:
Այս կապակցությամբ կուզենայի նշել, որ Եվրոպական Միությունն իր բոլոր կառույցների մակարդակում շարունակաբար աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն, ինչպես նաև աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և համապատասխան առաջարկներին:
Համաձայնագրում հատուկ դրույթ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը շեշտում է, որ հակամարտությունը պետք է շուտափույթ կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ու ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա, որոնք արտացոլված են 2008թ.-ի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված հայտարարություններում: Ընդգծվում է նաև խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու Եվրոպական Միության հանձնառությունը:
Նշեմ նաև, որ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ստորագրման արարողության ընթացքում Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կրկին հայտարարեց, որ Եվրոպական Միությունը մնում է այն ամուր համոզմունքին, որ ԼՂ հակամարտությունը պետք է քաղաքական կարգավորում ստանա միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, և շարունակում է լիակատար աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը և համապատասխան առաջարկները: