Գյումրու բյուջեն աճելու է 5.7 տոկոսով
Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում քվեարկության դրվեցին մի շարք որոշման նախագծեր, որոնց թվում էին 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին, Շիրակի մարզի Գյումրի համայնքի Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի ծախսերի փոխհատուցման համար «Մուշ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը դրամական միջոցներ հատկացնելու, Գյումրի համայնքի Լիսինյան փողոց N 10/2 հասցեում ինքնակամ կառուցված բնակելի շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասը վարձակալության տրամադրելու և վարձավճարի չափ սահմանելու, գյումրեցի ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանին և նրա մարզիչ Վահան Բիչախչյանին դրամական պարգևներ շնորհելու վերաբերյալ նախագծերը:
Գյումրի համայնքի ավագանին որոշեց հաստատել Գյումրու 2018 թվականի բյուջեն՝
ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝ եկամուտներ՝ 3.357.033.7, ծախսեր՝ 3.357.033.7 դրամ:
Նշենք, որ 2017 թվականի Գյումրու բյուջեն կազմում է 3.165.500.000 դրամ գումար, 2018 թվականի բյուջեն՝ 3.357.033.700 դրամ, որն ավելի է լինելու նախորդ տարվա բյուջեից 5.7 տոկոսով:
– Մեր բյուջեի թե եկամուտները, թե ծախսերը կանխատեսվող են: Լրագրողները թող իմանան՝ մենք մեխանիկորեն չենք պակասեցնում բյուջեն: Կառավարությունից հատկացված դոտացիան 1 մլրդ 968 մլն 669 ու 1 հազար դրամ կկազմի: Դոտացիայի թիվը կարող է փոփոխվել, քանի որ կառավարությունում հաշվարկներ են արվում: Եթե դոտացիան փոխվի, կփոխվի նաև ծախսային և եկամտային մասերը: Մենք ունենք պատվիրակված լիազորություններ՝ 74 մլն 842 հազար դրամի չափով: Պատվիրակված լիազորություններն են սոցծառայությունները, մեր ԶԱԳՍ-ը: Ամբողջ տարվա համար Արդարադատության նախարարությունից ԶԱԳՍ-ի համար պետք է ստանանք գումար 11 մլն 178 ու 4 հազար դրամ: Մենք ստանում ենք նաև այլընտրանքային ծառայողների դրամական փոխհատուցում,- հայտարարեց Գյումրու գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ավագանու անդամներին կոչ արեց ավելի արդյունավետ կերպով նպաստել հարկահավաքության իրականացմանը.
«Հարգելի ավագանիներ, ասեք ձեր բարեկամներին, ընկերներին, քաղաքացիներին, որպեսզի մուծեն հողի հարկը, գույքահարկը, աղբի վարձը:
Գյումրու ավագանու որոշմամբ դրամական միջոցներ հատկացվեցին Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապետական մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ 400.000 դրամի չափով, կազմակերպության ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով»:
Անահիտ Սիմոնյան