«Պարոն Բաբլոյանը ճիշտ է հայտարարել, երկրի երկրորդ պաշտոնյան ճիշտ է հայտարարել»

«Ես սպասում էի, որ այսօրվա նիստն այլ կերպ կսկսվի, այսինքն՝ մենք նիստից առաջ ԱԺ ղեկավարությունից կստանանք տեղեկատվություն երեկվա հայտարարությունների վերաբերյալ, բայց այդ տեղեկատվությունը մենք չստացանք»,-այսօր Ազգային Ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հայտարարեց, որ իրենք այս պահին էլ համոզված են, որ երեկ սահմանադրական օրենք է դրվել քվեարկության , և քվեարկության արդյունքներով՝ 63 կողմ ձայն չի հավաքվել ու չի անցել.

«Հետո Հ1-ն ասում է, որ «Ելք»-ի պատգամավորները բոյկոտեցին, հետո պարզեցին, որ սահմանադրական օրենք չէր: Ոչ, մենք չենք պարզել, որ սահմանադրական օրենք չէր, դա սահմանադրական օրենք էր, ու ԱԺ-ի կողմից պետք է լինի պաշտոնական պարզաբանում:

Երբ նախարարն ասում է՝ «վրիպակ է եղել, զարմանում եմ՝ ո՞նց կարող է այս դահլիճում նման բան լինի», հանրությանը մատուցվում է, որ այս դահլիճում ոչ ոք չի հասկանում՝ ինչ է քվեարկվում, ինչ չի քվեարկվում: Կարելի՞ է ԱԺ-ի վերաբերյալ այսքան նեգատիվ ինֆորմացիա տալ մեր հանրությանը: Պարոն Բաբլոյանը, մենք գտնում ենք, որ սահմանադրական օրենք է քվեարկվել, և Դուք ճիշտ եք հայտարարել, երկրի երկրորդ պաշտոնյան ճիշտ է հայտարարել: Այստեղ էթկայի խնդիր էլ կա, որ կարող է մեկը գալ, այս ամբիոնից հայտարի, որ դուք այստեղ բոլորդ վրիպել եք, սխալ եք»:

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Արարատ Միրզոյանը ստեղծված իրավիճակը համեմատեց «Կարգին հաղորդման» սկեչերից մեկի հետ. «Երկու ընկեր զրուցում են, ասում է՝ «հազար տարվա ընկեր ենք, անկեղծ ասա՝ դու իմ կնոջ հե՞տ ես»: Ասում է՝ «հազար տարվա ընկեր ենք, ասեմ՝ հա»: Ասում է՝ «լավ չի էլի», ասում է՝ «ընգեր, ես ձեր ընտանիքից բան չեմ հասկանում»: Հիմա նախարարն ասում է՝ սահմանադրական չէ, ԱԺ-ի մարմիններն ասում են՝ սահմանադրական է: Կողմոնորշվեք, ժողովուրդ ջան»:

Տեսանյութեր

Լրահոս