
«Ամուսնանալիս որևէ արգելք չի կարող լինել, եթե տվյալ մարդն այլ ռասայից է, սեռից է, կրոնից է». Փոփոխություն ՀՀ Ընտանեկան օրենսգրքում

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խնդրեց պարզաբանել օրենքի նախագծի այն դրույթը, որով ամուսնության ժամանակ արգելվում է ռասայական, մաշկի գույնի և այլ խտրականությունները:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ ամուսնանալիս և ամուսնական հարաբերություններում արգելվում է խտրականությունը. «Սա բխում է Սահմանադրության 29-րդ հոդվածի պահանջներից, որտեղ ներկայացվում է խտրականությունը և համապատասխան տարրերը: Մենք ասում ենք՝ ոչ թե արգելում ենք ընտրել, այլ արգելվում է խտրականությունը նմանատիպ ամուսնությունները գրանցելիս, որևէ արգելք չի կարող լինել, եթե, ասենք, տվյալ մարդն այլ ռասայից է, սեռից է, կրոնից է»: